ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Ֆ․Մ․ Դոստոևսկու անվան «Ռուսական ակնարկի ավանդույթները և ժամանակակից բլոգերությունը» II միջազգային գրական մրցույթի արդյունքները ներկայացվեցին Երևանի Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում։ Մրցանակները կհանձնվեն փետրվարի 6-ին Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում:
Առաջին կարգի դափնեկրի դիպլոմ, անվանական մրցանակ և Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տան անունից հատուկ մրցանակի է արժանացել Արսեն Սարգսյան Գիրունին՝ «Մաեստրո» ակնարկի համար: Առաջին կարգի դափնեկրի դիպլոմ, անվանական մրցանակ և հատուկ մրցանակ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից՝ որպես մրցույթի ամենաերիտասարդ մասնակից, կստանա Արամիդա Գյուրջյանը մի շարք ակնարկների համար: Երկրորդ կարգի դափնեկրի դիպլոմ և անվանական մրցանակ ստանում է Արմեն Արամյանը ակնարկների շարքի համար, երրորդ կարգի դափնեկրի դիպլոմ և անվանական մրցանակ ստանում է Գոհար Ոսկանյանը:
Հատուկ դիպլոմներ «գեղարվեստական խոսքի վիրտուոզ տիրապետման համար» սուրբ Կիրիլ և սուրբ Մեֆոդիի անվան Գրողների միջազգային միության կողմից կստանան մրցույթի պատանի մասնակիցներ, ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի ուսանողուհիներ Նազելի Իսայանը, Մարիամ Դարբինյանը և Գայանե Սարդանյանը: Դիպլոմներ կստանան նաև Գալինա Ռուսակովան և Տատյանա Վորոնովան ռուսաց լեզվի զարգացմանը (այդ թվում նաև Հայաստանում) նվիրված ակնարկների համար: Նրանց մրցութային աշխատանքներըկտպագրվեն Գրողների միջազգային միության ամենամյա ալմանախում:
Մրցույթին մասնակցելու համար շնորհակալագրերով կպարգևատրվեն նաև եզրափակիչի մասնակիցներ Յան Oսական, Օլգա Բարակաևան, Կարեն Անտոնյանը, Դավիթ Առաքելյանը, Լիա Ավետիսյանը, Դավիթ Երիցյանը, Մարինե Առաքելյանը:
Վադիմ Ֆեֆիլով
© Sputnik / Asatur Yesayants
Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց, որ մրցույթ հիմնելու գաղափարը ծագել է երկու տարի առաջ՝ երկու հայտնի հայ բլոգերների հետ շփումից հետո։
«Հիշեցի Դոստոևսկուն, որը երկու-երեք ռուսական ամսագրերի խմբագիր էր և ինքն էլ ակնարկներ էր գրում։ Նա ասում էր. «Երբեմն պետք է այնպես գրել, կարծես ձեռքիդ մտրակ կա»։ Ասել եմ, որ նրանց մոտ մտրակի հետ ամեն ինչ կարգին է, այն նրանց մոտ մշտապես առկա է, իսկ ահա մտքեր, զգացմունքներ արտահայտելը, բնություն ու մարդկանց նկարագրելը կաղում է», - ասաց Ֆեֆիլովը։
Առաջին տարին աշխատանքներն ընդունվում էին միայն ռուսերեն լեզվով, այս տարի աշխարհագրությունն ընդլայնվել է, ստացվել են ակնարկներ, էսսեներ Վրաստանից, Աբխազիայից, Մերձդնեստրից և Հայաստանի մարզերից, այդ թվում՝ նաև հայերեն:
Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի մամուլի ծառայության բաժնի համակարգող, Հայաստանի գրողների միության անդամ Ելենա Շուվաևան նշեց, որ առաջին մրցույթին հիմնականում մասնակցում էին ուսանողներ, որոնց մոտ պակասում էր հավատարմությունը ժանրի կանոններին։
Ելենա Շուվաևա
© Sputnik / Asatur Yesayants
«Այն բանից հետո, երբ բացատրեցինք, թե ինչ է ակնարկը, ինչպես է կառուցվում այդ ժանրը, այս տարի սկսեցինք ստանալ աշխատանքներ, որոնք համապատասխանում են ժանրին», - ասաց Շուվաևան:
Նա նշեց, որ մրցույթի նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերել նաև հայերեն գրողները։
Սուրբ Կիրիլ և սուրբ Մեֆոդիի անվան գրողների միջազգային միության վարչության նախագահ Ելենա Ասատուրովան առանձնահատուկ նշեց նաև մրցույթին ներկայացված աշխատանքների բարձր մակարդակը:
«Հաճելի է, որ մրցույթին միացան տարբեր սերունդների մարդիկ՝ հրապարակախոսական աշխատանքի փորձով։ Կցանկանայինք նշել ռուսաց լեզվի և գեղարվեստական խոսքի իմացության շատ բարձր մակարդակը, որը ցուցադրեցին մասնակիցները ոչ միայն Ռուսաստանից, այլև Հայաստանից», - ասաց Ասատուրովան։
Ելենա Ասատուրովա
© Sputnik / Asatur Yesayants
Sputnik Արմենիա գործակալության և ռադիոկայանի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն նշեց, որ գործակալության հատուկ մրցանակով պարգևատրվում է Կարեն Յոֆեն՝ հայերեն ակնարկի համար։
«Ես նշել եմ հայերենով ներկայացված միակ աշխատանքը, սա ոչ թե ռուսաց լեզվի մրցույթ է, այլ ակնարկների մրցույթ: Ակնարկը գրական ժանր է, այստեղ կարևոր է, որ ռուս գրող Դոստոևսկին այս ժանրում թրենդ ստեղծեց։ Ահա ինձ մոտ միանգամից հետաքրքրություն առաջացավ այդ աշխատանքի և հեղինակի նկատմամբ, ով գրել է իր աշխատանքային լեզվով», - ասաց նա։
Նա նաև նշեց, որ կողջուներ նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, որոնք կգրեին իրենց մայրենի լեզվով:
Հիշեցնենք, որ ակնարկային լրագրության մրցույթը հիմնադրվել է 2021 թվականին՝ Ֆյոդոր Դոստոևսկու ծննդյան 200-ամյակի տոնակատարության շրջանակում։ Այս տարի մրցույթին ներկայացվել է ավելի քան 50 աշխատանք Հայաստանից, Ռուսաստանից և Վրաստանից: