Ցինիկ սադրանք է․ ՌԴ դեսպանատունը՝ շրջափակված Լենինգրադի երեխաների հուշարձանը պղծելու մասին

ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը
Դիվանագիտական ներկայացուցչությունը նշել է, որ սադրիչի գործողությունները անարգանք են, այդ թվում՝ Լենինգրադը պաշտպանող հայերի հիշատակի նկատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը ցինիկ սադրանք է որակել պաշարված Լենինգրադի երեխաների նվիրված հուշարձանի մոտ դրված ծաղկեպսակների պղծումը։
Ըստ հայտարարության` այդօրինակ գործողությունները դժվար է գնահատել այլ կերպ, քան այդ ողբերգության զոհերի և քաղաքը պաշտպանած հերոսների հիշատակի նկատմամբ բացահայտ անարգանքի արտահայտում:
«Տեսանյութի հեղինակը տրորում էր ոչ թե ֆաշիստական շրջափակումից Լենինգրադի լիակատար ազատագրման 80-ամյակի կապակցությամբ հուշարձանի մոտ դրված ծաղկեպսակները, այլ հայ ժողովրդի լավագույն հատկանիշների հանդեպ հարգանքն ու երախտագիտությունը, որոնք խորհրդանշում էին այդ ծաղկեպսակները»,-ասվում է մեկնաբանության մեջ:
Հայտարարության հեղինակների կարծիքով՝ մարդու գլխում չի տեղավորվում նրանց անբարոյականության աստիճանը, ովքեր հրապարակայնորեն բացահայտ արհամարհանք են հայտնում ոչ միայն այդ ողբերգական իրադարձությունների և դրանց զոհերի, այլև սեփական նախնիների հիշատակի հանդեպ։ Հետազոտողների հաշվարկներով` Լենինգրադի բազմազգ պաշտպանների շարքերում կռվել է ավելի քան 100 հազար հայ, որոնցից 4 հազարը կամավորներ են եղել, նրանցից տասը արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչումների:

«Մենք ուրախ ենք, որ մեր գնահատականի հետ համաձայն է հայ հասարակությունը, ինչի վկայությունն է սոցիալական ցանցերում զանգվածային դժգոհությունը այս այլանդակ արարքի նկատմամբ: Դեսպանությունը հույս է հայտնում, որ այդ գործողությունները համապատասխան իրավական որակում կստանան Հայաստանի իշխանությունների կողմից, իսկ այդ սադրանքի մեջ ներգրավված անձինք կենթարկվեն պատասխանատվության»,- նշել են ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունում։

Հիշեցնենք` հունվարի 27-ին քաղաքացի Սամվել Շիրինյանը պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանի մոտ պոկել և տրորել է ՌԴ դրոշը խորհրդանշող ժապավենները, տապալել ծաղկեպսակները և Ռուսաստանի հասցեին վիրավորական մեկնաբանություններով տեսանյութը հրապարակել «Tik Tok» սոցիալական ցանցում։ ՀՀ–ում Ռուսական տան ղեկավարը դեպքի առնչությամբ դիմել է գլխավոր դատախազին։
Նա ընդգծել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունների հիման վրա էթնիկ ատելություն հրահրելը և բռնության կոչերն անընդունելի են, և միջադեպի մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։
Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Ֆեֆիլովի դիմումը, որին ընթացք կտրվի օրենքով սահմանված կարգով: