Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարը պետությանը պատճառել 116 մլն դրամի վնաս

Գյուղ ՀՀ–ում. Արխիվային լուսանկար
Հարուցված քրեական գործից հետո համայնքի նախկին ղեկավարն ամբողջությամբ վերականգնել է համայնքին և պետությանը պատճառված՝ 116 մլն դրամի վնասը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները և պետությանն ու համայնքին պատճառել 116 մլն դրամի վնաս: Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։
Քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը 2010 թվականին Արարատի մարզի համայնքներից մեկին նվիրատվությամբ հանձնել է նիդեռլանդական արտադրության, 95 մլն դրամ գործարանային արժեքով համակցված կերի հոսքագիծ: Հոսքագիծը նշված արժեքով հաշվառվել է համայնքի գույքային հաշվեկշռում:
Համայնքի նախկին ղեկավարը, խախտելով հանձնաժողովի որոշումը, հոսքագիծը հանձնել է իր եղբորը փաստացի պատկանող, Արարատի մարզի Արալեզ համայնքում գործող ընկերությանը, որտեղ այն 9 տարի շարունակ շահագործվել է ընկերության արտադրական կարիքների համար:
Համայնքի նախկին ղեկավարը 2019 թվականին նախաձեռնել է գույքն ուղղակի վաճառքով օտարելու գործընթաց: 95 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող համայնքային գույքը գնահատվել է 19 մլն դրամ և համայնքի ավագանու՝ 2019 թվականի հուլիսի 11-ի որոշմամբ՝ նույն ամսվա 26-ին ուղղակի վաճառքով օտարվել է իր եղբորը պատկանող ընկերությանը:
Դատախազը 2022 թվականի մարտի 22-ին համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։
2024 թվականի հունվարի 30-ին համայնքի նախկին ղեկավարն ամբողջությամբ վերականգնել է համայնքին և պետությանը պատճառված 116 մլն դրամի վնասը: