Արագած Ախոյանն ազատ է արձակվել. պաշտպանները դեմ են մեղադրական եզրակացությանը

Արագած Ախոյան
Փաստաբանները դատավճիռը ստանալուց հետո պատրաստվում են բողոքարկել այն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանն ազատ է արձակվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց փաստաբան Գոռ Վարդանյանը։
«Մեղադրական եզրակացություն է կայացվել, պատիժը նշանակվել է կարճաժամկետ ազատազրկումը՝ 2 ամիս ժամկետով, բայց քանի որ Արագած Ախոյանը շուրջ 3 ամիս տնային կալանքի տակ է եղել, հետևաբար ամբողջությամբ ազատվել է պատժից։ Այս պահին նա ազատության մեջ է»,– ասաց Վարդանյանը։
Պաշտպանը նշեց, որ դատավճիռը ստանալուց հետո պատրաստվում են որոշումը բողոքարկել վերաքննիչ դատարանում։ Նրանք դեմ են ամբողջ մեղադրական եզրակացությանը, քանի որ, ըստ Վարդանյանի, պետք է կայացվեր արդարացման դատական ակտ։
Հիշեցնենք, որ Արագած Ախոյանը 2023 թ. նոյեմբերի 7–ին կալանավորվեց 2023 թ. հունիսի 8–ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակած գրառման համար։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Ախոյանն այդ օրը հնչեցրել էր բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։
2023 թվականի դեկտեմբերի 1-ին նրա նկատմամբ կիրառված կալանավորումը փոփոխվեց, և խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը (3 ամիս ժամկետով) և համակցված գրավը (2 մլն դրամի չափով)։