ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik․ Ակադեմիական քաղաքի հիմնական հայեցակարգը մինչև այս տարվա երկրորդ կիսամյակպատրաստ կլինի։ Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, այս մասին ասվել է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։
Ըստ հաղորդագրության` Փաշինյանին է ներկայացվել «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագիծը։ Հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քայելին ընդգծել է, որ հայեցակարգից հետո արդեն կարելի է սկսել հարակից գործընթացները։
Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ մանրամասն քննարկվել են ճարտարագիտական ենթակառուցվածքներին, ճանապարհային ցանցին, լանդշաֆտին վերաբերող հարցեր:
Վարչապետը կոնկրետ հանձնարարականներ է տվել պատասխանատուներին ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքների ստեղծման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:
Հիշեցնենք` իշխանությունը նախատեսում է ակադեմիական քաղաք տեղափոխել բուհերն ու գիտական ինստիտուտները՝ դրանց հիման վրա ստեղծելով կլաստերներ։
Ակադեմիական քաղաքի համար կհատկացվի Երևանի 17-րդ թաղամասն ու «Հայֆիլմի» տարածքը։