ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik․ Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն ոչնչացնել Արցախի հայկական ժառանգությունը. հիմա էլ Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին են վերածում մզկիթի։ Այս մասին ահազանգում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդը։
Նշվում է, որ սոցցանցերում հրապարակված տեսագրությունները հաստատում են այս փաստը։ Եկեղեցու՝ մզկիթի վերածելու վերաբերյալ կասկածներ դեռևս 2021 թվականից կան։
«Այժմ եկեղեցին շրջափակված է քողարկիչներով, իսկ տարածքում կատարվում են շինարարական աշխատանքներ»,- տեղեկացնում են խորհրդից։
Մինչ այդ ադրբեջանական կողմը հրապարակել էր ապագա մզկիթի նախագիծը։ Ըստ նախագծի՝ Սուրբ Հարություն եկեղեցին վերածվելու է երկու մինարեթներով մզկիթի։
Նշենք, որ պարբերաբար տեղեկություններ են հայտնի դառնում ադրբեջանցիների կողմից հայկական այս կամ այն հուշարձանի ոչնչացման մասին։ Բոլոր տարածքներում, որոնք պատերազմի հետևանքով անցել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, կան ավերված ու պղծված եկեղեցիներ, հուշարձաններ։ Դրանց թվում են Շուշիի Սուրբ Ղազանչեցոցը, Կանաչ ժամը, Հադրութի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին, որը հիմնահատակ է ավերվել։