Բաքուն Հայաստանի տարածքի նկատմամբ զավթողական հավակնությունները քաղաքական դաշտում ակտիվ պահելուց բացի սկսել է ևս մեկ ագրեսիվ արշավ այս անգամ հայկական հուշարձանների դեմ։ Ֆիզիկապես դրանք քանդելուց ու ոչնչացնելուց բացի հիմա էլ Բաքում հետրողականորեն կասկածի տակ է դնում այդ կոթողների հայկականությունը։
Տաթևի վանական համալիրից, Հառիճավանքից հետո ադրբեջանական կեղծարարության թիրախում այժմ նաև Հաղարծին վանական համալիրն է։ Ադրբեջանական պետական քարոզչամեքենան հետրողականորեն առաջ է մղում Հայաստանի տարածքն Արևելյան Ադրբեջան ներկայացնելու քաղաքականությունը և նշանավոր վանական համալիրների պատմությունն ու ծագումը կեղծելուց բացի նաև տարածքները, որտեղ դարեր շարունակ կանգուն են հայկական կոթողները` ներկայացնում է որպես «ադրբեջանական պատմական բնակավայրեր»։
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորտոշյանի համոզմամբ` Հայաստանը պետք է պատասխանի Ադրբեջանի ագրեսիվ քարոզարշավին` ներկայացնելով նաև հայկական հուշարձանները Ադրբեջանի տարածքում։