ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. ՀՀ ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ազատվել է աշխատանքից։ Տեղեկությունը նա հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում։
«Ավարտվեց իմ կենսագրության մի կարևոր հատված, որ երեսունամյա ծառայություն էր ոստիկանությունում: Թղթակցից մինչև լրատվության վարչության պետ, լեյտենանտից՝ գնդապետ, անփորձ լրագրողից մինչև այն կարգավիճակը, երբ մարդիկ կարևորում ու գնահատում են խոսքդ: Երեք տասնամյակ ոստիկանությունն ինձ համար ավելին է եղել, քան աշխատավայր»,– գրել է Ահարոնյանը։
Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ում հետ աշխատել է և համագործակցել, ինչպես նաև ներողություն է խնդրել հնարավոր թերացումների և բացթողումների համար։
Նա իր ծառայակից ընկերներին էլ կոչ է արել շարունակել ապրել և գործել ոչ թե հանուն «ես»-ի, այլ հանուն «մենք»-ի:
Հիշեցնենք, որ Աշոտ Ահարոնյանը ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ է նշանակվել 2011 թ. մայիսի 4-ին։