ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ռեանիմոբիլը կանչի գնալու ճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, վթարի ենթարկվելուց հետո բժիշկ Մերի Խաչատրյանը` չնայած ստացած մարմնական վնասվածքներին, մեկ այլ ռեանիմոբիլով հասել է Հրազդանի բժշկական կենտրոն, անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել այն նորածնին, որի համար կատարվել էր կանչը։ Այսօր Խաչատրյանն արժանացել է շնորհակալագրի։ Տեղեկությունը հայտնել է Մ. Հերացու անվան ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում։
«Նա իր արարքով ընդգծել է բժշկության մասին պատկերացումները, այն, թե բժիշկ լինելու դեպքում ինչպես է պետք ապրել։ Ձեզ սպասող, ձեր օգնության կարիքն ունեցող փոքրիկի առողջությունը դուք առավել բարձր եք դասել, և սա ուսուցողական է, ինչպես ապագա բժիշկների, այնպես էլ կոլեգաների համար»,–գրել է Մուրադյանը։
Նա նաև տեղեկացրել է, որ հիվանդանոցի արդեն երկրորդ ռեանիմոբիլով երեխան Հրազդանի բժշկական կենտրոնից տեղափոխվել է մեկ այլ բժշկական հաստատություն:
«Կարծում եմ, որ յուրաքանչյուրն իմ տեղում այդպես կվարվեր»,- ասել է Մերի Խաչատրյանը`
Նշենք, որ վթարի հետևանքով «Հերացի» հիվանդանոց էին տեղափոխված բուժքույն ու ռեանիմոբիլի վարորդը։ Նրանց վիճակը գնահատվել էր միջին ծանրության։ Բժիշկ Խաչատրյանը ստացել էր թեթև վնասվածքներ։