Փաշինյանը հայ–իրանական համագործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել Քամալ Խարազիի հետ

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդականին
Տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում ՀՀ վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի վերաբերյալ իրանական դիրքորոշումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան-Իրան համագործակցության օրակարգին առնչվող հարցեր է քննարկել Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խորհրդական, արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
ՀՀ վարչապետը կարևորել է իրանցի պաշտոնյայի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի Հայաստան-Իրան հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Փաշինյանը նշել է, որ ԻԻՀ նախագահի հետ պայմանավորվել են հետևողական քայլեր ձեռնարկել առևտրաշրջանառության ծավալների շարունակական ավելացման ուղղությամբ:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդականին
«Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան համագործակցության օրակարգին առնչվող տարբեր հարցեր: Դրանք վերաբերել են քաղաքական, տնտեսական կապերին, էներգետիկայի, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում փոխգործակցությանը և համատեղ նախագծերի իրականացմանը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի մասին: Վարչապետն ընդգծել է ՀՀ առանցքային մոտեցումները տվյալ հարցի շուրջ:
Տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի և դրա հիմքում դրված առանցքային սկզբունքների վերաբերյալ ԻԻՀ դրական դիրքորոշումը:
Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հարավային Կովկասի անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր էր քննարկել Քամալ Խարազիի հետ: