ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Երգիչ Լեոնիդ Ագուտինը երգ է ձայնագրել Սարիկ Անդրեասյանի «Եվգենի Օնեգին» ֆիլմի համար, որը ռուսական վարձույթում կհայտնվի մարտի 7-ին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Ատմոսֆերա կինո» կինոընկերության մամուլի ծառայությանը։
Ֆիլմի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը նշել է, որ երգը գրվել է ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում, և որ ֆիլմի հեղինակները շատ ուրախ են, որ Ագուտինը մասնակցել է ֆիլմի ստեղծմանը:
«Ընկերս` Վիկտոր Դոբրոնրավովը, փոխանցեց ռեժիսորի ցանկությունը, որ հենց ես երգ գրեմ ֆիլմի համար։ Երգը կոչվում է «Ես 225 տարեկան եմ»: Երգով ես հանդիսատեսի հետ խոսում եմ Ա.Ս. Պուշկինի անունից, որի հոբելյանն է այս տարի։ Ուրախ եմ, որ մեր համատեղ աշխատանքը շուտով կներկայացվի հանդիսատեսին»,- ասել է Ագուտինը։
Ֆիլմում Օնեգինի դերը խաղացել է Վիկտոր Դոբրոնրավովը։ Նոր էկրանավորմանը մասնակցում են նաև Դենիս Պրիտկովը, Վլադիմիր Վդովիչենկովը, Լիզա Մորյակը, Տատյանա Սաբինովան, Ալեքսեյ Գրիշինը, Ալյոնա Խմելնիցկայան, Տատյանա Լյուտաևան, Օլգա Տումայկինան, Ալեքսանդր Յացկոն և այլք: