ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. Ի կատար է ածվել Իսրայելի արտաքին հետախուզության «Մոսադ» ծառայության հետ կապված խմբի չորս անդամների մահվան դատավճիռը։ Նրանք ձերբակալվել էին անցյալ տարի` Իրանի պաշտպանության նախարարության արդյունաբերական ձեռնարկություններից մեկում ահաբեկչություն նախապատրաստելու համար: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Նրանք ձերբակալվել էին անցյալ տարի Սպահանում` պայթուցիկ նյութերի կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու նախապատրաստման ժամանակ։
Հղում անելով Իրանի տեղեկատվության (հետախուզության) նախարարության հայտարարությունը՝ գործակալությունը հստակեցնում է, որ «Մոսադի» հետ կապված խումբը, որն անօրինական կերպով Իրան է ներթափանցել Իրաքյան Քուրդիստանով, ծրագրում էր Սպահանում ռումբի տեղադրմամբ ահաբեկչություն իրականացնել պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող ձեռնարկություններից մեկում, սակայն իրանական հատուկ ծառայությունները խմբի անդամներին ձերբակալել են նախքան ահաբեկչության իրականացումը:
Գործակալության տեղեկություններով՝ «Մոսադը» խմբի անդամներին հավաքագրել էր ծրագրվող ահաբեկչությունից մեկուկես տարի առաջ քրդական «Քոմալա» կուսակցության (Իրանում ահաբեկչական է ճանաչվել) բարձրաստիճան անդամներից մեկի օգնությամբ: Նրանք ուսուցում են անցել աֆրիկյան երկրներում։