Ինտերնետային կապի որակը նվազել է մալուխի վնասվածքի պատճառով. «Ռոստելեկոմ Արմենիա»

Վրաստանի գործընկերները վստահեցրել են, որ խնդիրը կլուծվի առաջիկա երկու ժամվա ընթացքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Հայաստանում ինտերնետային կապի խնդիրներ են ի հայտ եկել, որոնք առաջիկա ժամերին կլուծվեն։ Այս հայտարարությունը տարածել է «Ռոստելեկոմ Արմենիա» ընկերությունը։
«Վրաստանի գործընկերոջ ցանցում առկա է կրկնակի մագիստրալային մալուխի վնասվածք, որի վերականգնման համար իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։ Մեր պահեստային կապուղիների շնորհիվ մենք կարողանում ենք ապահովել ծառայությունների հասանելիությունը, սակայն առկա է կապի որակի անկում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ «Ռոստելեկոմ Արմենիա» ընկերության` Վրաստանի գործընկերները վստահեցրել են, որ խնդիրը կլուծվի առաջիկա երկու ժամվա ընթացքում։
Նշենք, որ ինտերնետի միջազգային կապուղիներում խնդիրներ էին արձանագրվել նաև հունվարի 23–ին։
«Յուքոմ» ընկերությունից տեղեկացրել էին, որ միջազգային կապուղիներում առկա տեխնիկական խնդիրների պատճառով ցանցի որոշ հատվածներում նկատվել են խափանումներ, որոնք կարգավորվել են։
«Վիվասել ՄՏՍ Արմենիա» ընկերությունից էլ հայտնել էին, որ մատակարար ընկերության կապուղու վթարի պատճառով ի հայտ է եկել տվյալների փոխանցման ծառայությունների անկայունություն։
Հայաստան մտնող մալուխի վնասման հետևանքով ինտերնետի խափանումներ էին արձանագրվել նաև հունվարի 21-ին։
Հավելենք, որ Հայաստանում ժամանակ առ ժամանակ ինտերնետային կապի ընդհանուր խափանումներ են դիտվում։ Նախորդ տարվա հունվարին Հայաստանում գրանցվեց ինտերնետ կապի հերթական լուրջ խափանումը, երբ նույնիսկ բանկային քարտով վճարում հնարավոր չէր իրականացնել։