ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկի առաջին տասնյակը տարեկան ՀՀ պետական բյուջե է վճարել 4 մլրդ ԱՄՆ դոլար, որը կազմում է ՀՀ պետական բյուջեի մոտ 20%-ը։ Տնտեսական լրագրողների ակումբում ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկը։ 2023 թ հունվար–դեկտեմբեր ամիսների ընթացքում խոշոր հարկատուները ընդհանուր առմամբ պետական բյուջե են վճարել ավելի քան 1 տրլն 710 մլրդ 577 մլն դրամ:
Մակարյանը նշեց` ցանկի առաջին հարյուրյակը վճարել է 2,6 մլրդ դոլարի հարկ, իսկ մնացած ընկերությունները` մոտ 900 մլն դոլար։ Ըստ նրա` սա խոսում է այն մասին, որ տնտեսությունը ոչ միայն համաչափ չի զարգանում, այլև ՀՀ ՀՆԱ–ն հիմնված է մոտ 10 ընկերության պոտենցիալի վրա։
«ՀՀ–ում գրանցված է 63 700 իրավաբանական անձ, որից 56 հազարը միկրոձեռնարկություն է (հիմնականում անհատներ), այսինքն` էական տնտեսական ներդրում չունեն։ Այդ 63 700 ընկերություններից 7650–ն է, որ ունի էական ազդեցություն տնտեսության զարգացման և տնտեսության ուղղությունների վրա»,– ընդգծեց նա։
Չնայած շինարարական բումին, ըստ Մակարյանի` այս ոլորտի ընկերությունները զբաղեցնում են խոշոր հարկատուների ցանկում 50–րդից ցածր տեղեր։ ՀՀ–ում կտրուկ ավելացել է կենցաղային տեխնիկայի ներմուծումը, որը Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների կողմից վերարտահանվում է ՌԴ։
Ինչ վերաբերում է 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված արտահանող ընկերություններին, ապա Մակարյանը նշեց, որ ցանկն էականորեն չի փոխվել` թոփ 15 ընկերությունները նույնն են՝ հանքարդյունաբերական մետաղներ, խմիչք, ծխախոտ, երկաթյա մշակված իրեր, ալյումին, հագուստեղեն, ձկնեղեն, բանջարեղեն և այլն։