ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը կարող է բողոքարկել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի և Նիդեռլանդներում Հայ դատի գրասենյակի ղեկավար Մասիս Աբրահամյանի անունները «անցանկալի» անձանց ցուցակից հանելու դատարանի որոշումը։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԱԾ-ից։
Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտնել էր, որ ՀՀ վարչական դատարանը պարտավորեցրել է ԱԱԾ-ին Փափազյանի և Աբրահամյանի անունները հանել Հայաստանում «անցանկալի» անձանց ցուցակից։
«ՀՀ վարչական դատարանի համապատասխան վճիռները ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում դեռևս չեն ստացվել։ Ստացվելուն պես դրանք կուսումնասիրվեն և անհրաժեշտության դեպքում վերաքննիչ բողոքներ կներկայացվեն ՀՀ վերաքննիչ վարչական դատարան» - նշված է պատասխանում։
2022 թվականի հուլիսի 13-ին Փափազյանն ընտանիքով Հայաստան է ժամանել, բայց «Զվարթնոց» օդանավակայանում նրա մուտքն արգելել են երկիր, հայտարարելով, որ նրա անունը ներառված է «անցանկալի» անձանց ցուցակում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը այդ առիթով հայտարարություն էր տարածել, որում նշվում է, որ Փափազյանը 2021 թվականի հունիսի 1-ին Ֆրանսիա կատարած այցի ժամանակ վարչապետի պատվիրակության ավտոշարասյան վրա իրականացրած հարձակման կազմակերպիչներից մեկն էր։
Օգոստոսի 1-ին իրավապահ մարմինները արգելեցին Մասիս Աբրահամյանի, ինչպես նաև նրա դստեր՝ ՀՅԴ երիտթևի ներկայացուցիչ Սյունե Աբրահամյանի մուտքը Հայաստան։