ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. ԱՄՆ-ում կարծում են, որ համաշխարհային սպորտում արևմտյան գերիշխանության համար բազմաբևեռության կայացման վտանգավոր գործընթացներ են ուրվագծվել, փաստում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը` հղում անելով ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինին:
Արտաքին հետախուզության ծառայությունը նշում է, որ փորձելով պահպանել գերիշխանությունը՝ ԱՄՆ-ն ավելի ու ավելի շատ է փորձում խափանել Ռուսաստանում կազմակերպվող մարզական միջոցառումները։ Հիմնական հույսը դրվում էՀամաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) և անձամբ դրա նախագահ Վիտոլդ Բանկայի վրա:
«Ամերիկացիները ելնում են այն բանից, որ Բանկան շահագրգռված է հաջողությամբ շարունակել կարիերան 2025 թվականին WADA-ում իր լիազորությունների ժամկետի ավարտից հետո ու նրանց մոտ «տաք տեղ» ստանալու համար կապած շան նման կծառայի», - նշված է հաղորդագրության մեջ:
ԱՄՆ հաշվարկները մասամբ արդարացվում են. WADA-ի ղեկավարը «նախանձախնդրորեն ձեռնամուխ է եղել Ռուսաստանի կողմից կազմակերպվող մրցումների վարկաբեկմանը», իսկ օտարերկրյա մարզիկներին, որոնք մտադիր են մասնակցել դրանց, «վախեցնում են օլիմպիական սպորտում կարիերայի փլուզմամբ,
«Այնուամենայնիվ, լեհի կատաղի պայքարը Ռուսաստանի դեմ արդեն հիմա սկսում է ճիշտ հակառակ արդյունքները բերել։ Բացահայտ ամերիկամետ, համաշխարհային սպորտի զարգացմանը վնասող Բանկայի գործունեությունն ավելի ու ավելի շատ վրդովմունք է առաջացնում մասնագիտական շրջանակներում», - նշվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշում են ԱՀԾ-ում, նման տրամադրվածություն, մասնավորապես, ցուցաբերում է 2021 թվականին ստեղծված դոպինգի դեմ պայքարի Իբերոամերիկյան ցանցը (RILD), որի մեջ Լատինական Ամերիկայի երկրների հետ մեկտեղ մտնում են նաև Անդորրան, Իսպանիան ու Պորտուգալիան:
Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ համաշխարհային սպորտի սուվերենացման գործընթացներն արտացոլում են արդար բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման ընդհանուր միտումը, ծառայում են միջազգային սպորտային շարժման վերադարձին արդար պայքարի և բարեկամության իսկական օլիմպիական ոգուն: