Ֆրանսիայի դատարանը սահմանափակել է Ալեն Դելոնի գործողությունները

Ալեն Դելոն
Հայտնի դերասանի դստեր փաստաբանը ողջունել է դատարանի որոշումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. Ֆրանսիայի դատարանը սահմանափակել է 88-ամյա դերասան Ալեն Դելոնի գործունակությունը։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
Հայտնում են, որ դերասանը նախկինի պես կկարողանա ինքնուրույն գործողություններ կատարել, բացառությամբ ամենակարևորների (օրինակ՝ անշարժ գույքի վաճառք), որոնց համար պատասխանատու է դատարանի կողմից հատուկ նշանակված ներկայացուցիչը։
«Դա շատ ուրախալի որոշում է», - հայտարարել է Անուշկա Դելոնի (դերասանի դստեր) փաստաբան Ֆրանկ Բերտոնը։
Հատուկ ներկայացուցիչը պետք է նաև օգնի Ալեն Դելոնին բուժսպասարկման և բժիշկի ընտրության հարցում։
Երկու շաբաթ առաջ հայտնել էին, որ Դելոնը պաշտոնական բուժզննում է անցել, որի արդյունքները չեն հայտնել։
Դելոնի առողջական վիճակը վերջին շրջանում քննության առարկա է դարձել։ Նախորդ շաբաթ հայտնել էին, որ դատախազությունը նախաքննություն է սկսել քրոջ՝ Անուշկայի (որը իբր չարաշահել է հոր վստահությունն ու թուլությունը) դեմ դերասանի կրտսեր որդու՝ Ալեն Ֆաբյենի բողոքից հետո։ Դելոնի ընկերուհի Հիրոմի Ռոլենն իր հերթին է նամակ գրել դատախազություն, որում մեղադրել է Դելոնի երեխաներին հոր կանխամտածված սպանության փորձում։