ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Հայաստանի ազգային «Ֆլայ Արնա» ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Ավիաընկերության թռիչքներն այս պահին դադարեցված են, ինչը պայմանավորված է ընկերության կողմից իրականացվող օպերացիոն փոփոխություններով: Ավիաընկերությունն աշխատանքներ է տանում իր ծառայությունները հնարավորինս շուտ վերականգնելու և կրկին իր ուղևորներին սպասարկելու ուղղությամբ»,-նշված է ընկերության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ֊ի հանրային կապերի բաժնից հայտնել էին, որ Հայաստանի ազգային «Ֆլայ Արնա» ավիաընկերությունը ավիատոմսերի վաճառքի վերսկսման առնչությամբ աշխատանքներ է իրականացնում։
Հիշեցնենք, որ դեռ 2023 թվականի դեկտեմբերին տեղեկություններ էին տարածվել, թե ավիաընկերությունը շուտով Հայաստանից չվերթեր չի իրականացնի։ Այնուհետև «Ֆլայ Արնան» հերքեց թռիչքների կասեցման վերաբերյալ տարածված լուրերը` նշելով, որ ավիաընկերության ամրագրման համակարգի հետ կապված տեխնիկական խնդիրներ էին առաջացել, որոնք կարգավորվել են։