Դամասկոսի արվարձանին Իսրայելի հարվածի հետևանքով տուժածների մեջ հայեր չկան. Պողիկյան

Պողիկյանի խոսքով` Դամասկոսի հարավային շրջանները հայերով բնակեցված չեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Դամասկոսի արվարձանում գտնվող իրանական խորհրդատվական կենտրոնին Իսրայելի հարվածի հետևանքով զոհերի և վիրավորների շրջանում հայեր չկան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը։
«Իմ տեղեկություններով`վիրավորների կամ զոհերի թվում հայեր չկան։ Սիրիական լրատվամիջոցներն արդեն հայտնել են, որ կան զոհեր և վիրավորներ։ Դամասկոսի հարավային շրջանները հայերով բնակեցված չեն»,–ասաց նա
Պողիկյանն ընդգծեց, որ պարբերաբար Իսրայելը հարվածում է Դամասկոսի արվարձաններին։
Հիշեցնենք, որ Tasnimnews–ն ավելի վաղ հաղորդել էր` հարվածի հետևանքով 2 մարդ է մահացել, կան վիրավորներ: