2023 թվականին 13 քննիչ է ազատվել պաշտոնից. ՔԿ

2023 թվականին ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովին ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեում պաշտոն զբաղեցնող 67 անձի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին 57 միջնորդություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. 2023թ–ի ընթացքում քրեադատավարական օրենքի կոպիտ խախտումներ թույլ տալու համար ՀՀ քննչական կոմիտեում պաշտոն զբաղեցնող 13 քննիչ ազատվել է աշխատանքից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ընդհանուր առմամբ, 2023 թվականին ՀՀ քննչական կոմիտեի նախագահը ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովին ներկայացրել է ՀՀ քննչական կոմիտեում պաշտոն զբաղեցնող 67 (2022թ.՝ 35) անձի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին 57 (2022թ.՝ 24) միջնորդություն:
«Հարուցված կարգապահական վարույթների արդյունքում ՀՀ ՔԿ–ում պաշտոն զբաղեցնող 67 անձ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, որոնցից 3-ի նկատմամբ կիրառվել է «նկատողություն», 47-ի նկատմամբ՝ «խիստ նկատողություն», 1-ի նկատմամբ՝ «դասային աստիճանի իջեցում մեկ աստիճանով», 3-ի նկատմամբ՝ «պաշտոնի իջեցում մեկ աստիճանով», 13-ի նկատմամբ՝ «պաշտոնից ազատում» կարգապահական տույժի տեսակը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, ՀՀ ՔԿ նախագահի հրամանով ՀՀ քննչական կոմիտեում պաշտոն զբաղեցնող 92 անձի նկատմամբ 48 դեպքով կիրառվել է «զգուշացում» կամ «նկատողություն» կարգապահական տույժ:
Քննիչն ազատվել է աշխատանքից անգործություն ցուցաբերելու համար
ՀՀ ՔԿ նախագահի միջնորդությամբ կարգապահական հանձնաժողովին ուղարկված 3 անձի վերաբերյալ 3 միջնորդության քննարկում տեղափոխվել է 2024 թվական։