ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Իրականացնում ենք բոլոր գործողությունները, որ բանակն ուղղի իր մեջքը, հայտարարեց Բանակի օրվա առթիվ Եռաբլուր այցելած ժամանակ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։
Ըստ նրա` մենք պետք է այնպիսի բանակ ձևավորենք, որը կերաշխավորի անվտանգություն և իր հզորությամբ կամրապնդի մեր երկրի սահմանները:
«Բոլոր երկրների անվտանգության երաշխավորները բանակներն են, մեր բանակն անցավ փորձությունների միջով, և այսօր պետք է ջանք ու եռանդ չխնայենք, որպեսզի ունենանք այնպիսի բանակ, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոն գանք հպարտությամ»,– նշեց նա:
Նրա խոսքով` մասնագետներն անում են ամեն ինչ` կրթված ու մարտունակ բանակ ունենալու համար` ներառելով ՆԱՏՕ–ի չափանիշները, և այդ ամենն իր մեջ ներառում է նաև համազգեստը:
Հիշեցնենք` հունվարի 28–ին ՀՀ ԶՈւ–ն նշում է իր կազմավորման 32-ամյակը։ 1992թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց ազգային բանակի ստեղծումը։