ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. ՀՀ բանակն այն կառույցն է, որ առաջինն ու արագ տեմպերով ի վիճակի է ու կարող է վերականգնել իր երբեմնի համբավը, հայտարարեց Բանակի օրվա առթիվ Եռաբլուր այցելած ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Ըստ նրա` հայկական բանակը պարտություն չի կրել, այսօրվա իշխանություններն են պարտություն կրել։
Նա հիշեցրեց, որ հայկական բանակը կառուցվել է հարկադրված պատերազմի և Արցախի շրջափակման, ինչպես նաև երկրաշարժից հետո ծայրահեղ ծանր պայմաններում։
«Նույնիսկ այդ պայմաններում մենք կարողացանք ֆիդայական ջոկատներից կազմված կանոնավոր բանակ ստեղծել և հասնել հաղթանակների։ Այս տարիների ընթացքում կարողացել ենք զինել մեր բանակը և այն վերածել տարածաշրջանում ոչ միայն հաղթական, այլև մրցունակ բանակի»,– ընդգծեց նախարարը։
Ըստ Օհանյանի` բանակի և ամբողջ ժողովրդի միասնության շնորհիվ եղել է Հայաստան–Արցախ միասնական կառույց՝ ինտեգրված, ամուր, անվտանգ։
«Ներկայիս իշխանությունների օրոք համախմբվածությունը քանդվել է. համախմբվածությունը և բարոյահոգեբանական ոգին այն գործոններն են, որոնց շնորհիվ կարող ենք հաղթանակներ տանել»,– ասաց նախկին նախարարը։
Նրա խոսքով` գործող իշխանությունների քայլերի արդյունքում կանոնավոր բանակը կրկին վերածվել է առանձին կամավորական ջոկատների, իսկ ձեռք բերած զինատեսակները, որոնց զգալի մասը թշնամուց խլված ավար էր, հանձնվեց ադրբեջանցիներին։
«Չնայած բոլոր թերություններին` հայկական բանակը կատարել է իր առջև դրված խնդիրները»,– վստահեցրեց Օհանյանը։
Ըստ նրա` ի հեճուկս գործող իշխանություննեի հայտարարությունների, նախկինում հայկական բանակը հաղթական էր, մրցունակ էր մեր տարածաշրջանում, իսկ այսօր այդ ներուժը չօգտագործվեց։