Ֆրանսիայում կուժեղացնեն անվտանգության միջոցառումները ֆերմերների ակցիաների պատճառով

Արխիվային լուսանկար
Նախօրեին Ֆրանսիայում բողոքող ֆերմերները հարձակվել են Ռումինիայից միս տեղափոխող երկու բեռնատարների վրա և ոչնչացրել են ապրանքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցառումները մայրաքաղաքի շուրջ՝ Փարիզն ու մայրաքաղաքի մոտակայքում գտնվող խոշորագույն մթերային շուկան արգելափակելու ֆերմերների սպառնալիքների պատճառով: Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
Նախարարը այսօր առավոտյան անվտանգության նիստ է անցկացրել։
«Նա անվտանգության ծառայություններին հրահանգել է էական պաշտպանական միջոցներ ներդնել, որպեսզի կանխեն Ռյունժիի պարենային շուկայի, Իլ դը Ֆրանս շրջանի օդանավակայանների արգելափակումը, ինչպես նաև կանխեն, իսկ հետո նաև արգելեն Փարիզ նրանց ցանկացած մուտքը»,-հայտնել է հեռուստաալիքը:
Դարմանենը հիշեցրել է ոստիկանության ուժերին ուղղված պահանջը՝ «մեծ զսպվածությամբ գործել» և միջամտել «միայն ծայրահեղ դեպքում», եթե վտանգված լինեն մարդիկ կամ հասարակական շենքերը:
Նախօրեին Ֆրանսիայում բողոքող ֆերմերները հարձակվել էին Ռումինիայից միս տեղափոխող երկու բեռնատարների վրա և ոչնչացրել ապրանքը, իսկ Jeunes Agriculteurs ֆերմերների ֆրանսիական արհմիությունը հայտնել էր, որ մտադիր է կազմակերպել Փարիզի և դրա արվարձանների ամբողջական շրջափակումը՝ մայրաքաղաք ցանկացած ապրանքի մատակարարումը կանխելու համար: