ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Բանակը պետք է դադարի լինել էժանագին կենացների օբյեկտ կամ կենացների էժանագին օբյեկտ: Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ բանակի կազմավորման 32–րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երբ փորձում ես հասկանալ, թե ի՞նչ է թաքնված այդ կենացների խորքում, առերեսվում ես դառը իրականությանն առ այն, որ զորակոչի ենթակա տարիքային խմբի կեսից քիչն է զորակոչվում բանակ»,– պարզաբանեց նա:
Դա, ըստ նրա` նշանակում է, որ մեր սերունդն առողջական ծանր պրոբլեմներ ունի կամ էլ զորակոչը ՀՀ–նում մնում է կոռուպցիայի ամենածաղկուն միջավայրը, որտեղ միմյանց հետ դաշնակցում են բժշկական հանրության, զինվորականության և հանրության ներկայացուցիչներ:
«Մեր պարտքն է ջարդել այդ դաշինքի ողնաշարը, որովհետև այդ դաշինքը կասկածի տակ է դնում մեր պետության գոյության իրավունքը»,– ընդգծեց նա:
ՀՀ վարչապետի խոսքով` բանակաշինության և անվտանգության ոլորտում մեր ունեցած խնդիրներին, ընդհուպ ձախողումներին առերեսվելու ժամանակ է: Ըստ նրա` դա նշանակում է, որ չի կարելի շարունակել ունենալ հնացած ստանդարտների և ռազմական գործի հնացած պատկերացումների վրա հիմնված բանակ, որովհետև սա կնշանակի կասկածի տակ դնել պետություն ունենալու մեր կամքը: Այդ իսկ պատճառով առաջին բանը, որ պիտի փոխվի մեր բանակում, մտածողությունն է:
Փաշինյանը հիշեցրեց, որ այս տարվանից ներդրվում է կանանց կամավոր–պարտադիր զինծառայության մոդելը, և կանայք պետք է դառնան մեր պրոֆեսիոնալ բանակի հուսալի հենասյուներից մեկը:
Բացի այդ, ըստ ՀՀ վարչապետի` հաջորդ ռազմավարական խնդիրը մարտունակ պահեստազոր ունենալն է:
«Այս իմաստով, սովորական ժամկետային զինծառայությանը զուգահեռ 25-օրյա վարժական հավաքները չափազանց կարևոր նշանակություն ունեն»,– նշեց նա:
Նա շեշտեց՝ բանակը բաց կամ կիսաբաց ռեժիմի քրեակատարողական հիմնարկ դարձնելու բոլոր փորձերն ու գործոնները պետք է արմատախիլ անել հետևողական ու վճռական քայլերով: