ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիում կայացած հանդիպմանը պաշտոնապես ամրագրեցին երկկողմ հարաբերությունների նոր մակարդակը՝ ստորագրելով երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր:
Հայկական կողմը վերջին տարիներին ձգտում էր դրան։ Երևանը 2019 թվականից Թբիլիսիին առաջարկել է խորացնել հարաբերությունները և հասցնել ռազմավարական մակարդակի։ Այդ մասին է վկայում նաև Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Մամուկա Բախտաձեի և Նիկոլ Փաշինյանի ոչ պաշտոնական հանդիպումների ձևաչափը։
2021 թվականին հայկական կողմը Վրաստանի նկատմամբ իր մտադրություններն ամրագրեց կառավարության հնգամյա ծրագրում։ Երևանը նախանշել է Վրաստանի հետ «առանձնահատուկ և բարիդրացիական հարաբերությունների զարգացման» ուղղությունը, իսկ Թբիլիսիի հետ ենթակառուցվածքային կապերի բարելավումը երկրի համար ռազմավարական նշանակություն ունի: Այս բոլոր տարիներին երկկողմ կապերը զարգացել են պրագմատիկ գործընկերության հունով։
Մեկնաբանելով ռազմավարական համաձայնագրի կնքումը, որը, ըստ էության, պատմական նշանակություն ունի, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը նշեց, որ այդ քայլով հավասարակշռվում են Թբիլիսիի հարաբերությունները հարևանների հետ:
Նա հիշեցրեց, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ Վրաստանը ռազմավարական հարաբերություններ ունի 2007 թվականից։
«Հայաստանը բազմիցս հայտարարել է Վրաստանի հետ հարաբերություններին ռազմավարական բնույթ հաղորդելու անհրաժեշտության մասին։ Վրաստանը մինչև 2022 թվականը ակտիվություն չի ցուցաբերել այդ հարցում», - ասաց Մելիքյանը։
Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական տարբեր փոփոխությունների, այդ թվում՝ Երևանի դեմ Բաքվի ագրեսիայի և Հայաստանի տարածքների հետագա օկուպացիայի ֆոնին Վրաստանը գերագնահատել և վերանայել է իր դերը տարածաշրջանում և իր երկրի վրա տարածաշրջանային գործընթացների ազդեցության աստիճանը:
Բացի այդ, վերջին անգամ երկրները բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին պայմանագիր են կնքել 2001 թվականին: Այդ ժամանակվանից շատ բան է փոխվել, և անհրաժեշտություն է առաջացել ճշգրտումներ կատարել և նոր տարրեր հաղորդել միջպետական հարաբերություններին։
Փորձագետը պարզաբանեց, որ համաձայնագիրը խթան կհանդիսանա բոլոր ուղղություններով հարաբերությունների զարգացման համար: Նա առաջիկա 5-7 տարիների համար կանխատեսում է ապրանքաշրջանառության կրկնապատկում (այս պահին գերազանցում է 1 մլրդ դոլարը, - խմբ.), ներդրումների, համատեղ նախագծերի աճ։ Նման նախագծերից մեկը կարող է լինել Երևանը Սևծովյան էլեկտրական մալուխի նախաձեռնությանը միացնելը, ինչի մասին հունվարի 25–ին Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է նաև Փաշինյանը:
Ինչ վերաբերում է պետական սահմանի դելիմիտացիայի վերաբերյալ երկրների պայմանավորվածությանը, ապա Մելիքյանը դա ավելի շատ քաղաքական կամքի և երկու կողմերի որոշման հարց է համարում:
Հիշեցնենք, որ Վրաստանը և Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թվականի հուլիսին: 2023 թվականի հուլիսին ուժի մեջ է մտել երկրների միջև սահմանը ID-քարտերով հատելու մասին համաձայնագիրը։ 2024 թվականի հունվարին կողմերը ստորագրեցին ռազմավարական գործընկերության սկիզբը։ Հայաստանը Վրաստանի 10 խոշոր առևտրային գործընկերներից է։ Արտաքին առևտրաշրջանառությունը 2023 թվականին 1,1 մլրդ դոլար է կազմել։