Սալոմե Զուրաբիշվիլին վիրավորվել է, որ իրեն հնարավորություն չեն տվել հանդիպել Փաշինյանի հետ

Վրաստանի նախագահի խոսքով` համապատասխան գերատեսչություններն իրեն չեն տեղեկացնում երկրում նախատեսված բարձրաստիճան այցերի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վիրավորվել է, որ իրեն թույլ չեն տվել հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, գրում է Sputnik Գրուզիան։
Նշվում է, որ Վրաստանի նախագահը ողջունում է Հայաստանի վարչապետի այցը երկիր, սակայն ցավում է, որ իրեն հնարավորություն չի տրվում հանդիպել և պատշաճ ընդունել բարեկամ երկրների ղեկավարներին։
«Ցավալի է նաև, որ համապատասխան գերատեսչությունները նախագահին չեն տեղեկացնում երկրում նախատեսված բարձրաստիճան այցերի, հանդիպումների կամ միջոցառումների մասին», – նշված է հայտարարության մեջ:
Զուրաբիշվիլին ավելի վաղ դժգոհել էր, որ իրեն թույլ չեն տվել հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ, թույլ չեն տվել ելույթ ունենալ միջոցառումների ժամանակ։ Նա հաճախ է բողոքում, որ իրեն անտեսում են։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը հունվարի 26–ին մեկնել էր Վրաստան` մասնակցելու Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին։ Նիստից հետո կայացած ասուլիսում կողմերը հայտարարեցին, որ Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են կնքել։
Փաշինյանն աշխատանքային այցով Վրաստան էր մեկնել նաև 2023 թվականի հոկտեմբերին։ Թբիլիսիում նա մասնակցել էր «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին։