ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած Հայաստանի 2023թ-ի խոշոր հարկատուների ցանկի առաջին տասնյակում «Վայլդբերիզ» ընկերության առկայությունը վկայում է, որ առցանց առևտուրը ՀՀ–ում իրապես մեծ ծավալների է հասել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նկատեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը` մեկնաբանելով խոշոր հարկատուների ցանկում տեղ գտած ուշագրավ փոփոխությունները։
«Եթե մենք դիտարկում ենք «Վայլդբերիզ» ընկերության վճարած հարկերի կառուցվածքը, ապա 26.5 մլրդ–ից շուրջ 25.8 մլրդ–ը ԱԱՀ–ն է։ Անցյալ տարի ՀՀ օրենսդրությունում կատարված փոփոխության համաձայն` ԱՊՀ անդամ երկրների առցանց առևտրով զբաղվող կազմակերպությունները Հայաստանում սկսեցին ԱԱՀ վճարել»,– պարզաբանեց մասնագետը։
Սարգսյանի գնահատմամբ` առցանց առևտրով զբաղվող ընկերության շրջանառության ծավալը մեծացել է ի հաշիվ տեղական խանութների շրջանառության ծավալների նվազման։
«Հիշյալ օրենսդրական փոփոխությունից հետո ՀՀ–ից պատվերների համար ցանցում 20 տոկոսով համատարած թանկացումներ տեղի ունեցան։ Ընկերությունը սկսեց բնակչությանը իր ապրանքները 20 տոկոսով ավելի թանկ վաճառել և հավաքագրված լրացուցիչ գումարները վճարել պետական բյուջե»,– պարզաբանում է մեր զրուցակիցը։
Անդրադառնալով մեր երկրում ընկերության բազմաթիվ կետերում բացվող աշխատատեղերին` Նաիրի Սարգսյանն արձանագրեց, որ «Վայլդբերիզի» վճարած հարկերից շուրջ 433.6 մլն–ը կազմել են եկամտահարկի գծով վճարումները, ինչը հայաստանյան չափանիշներով պատկառելի գումար է։
Նաիրի Սարգսյանը նաև նկատում է, որ ՀՀ–ում օրեցօր սնկի պես աճում են առցանց առևտրով ու լոգիստիկայով զբաղվող նաև այլ միջազգային կազմակերպություններ։ Բայց դրանց տնտեսական օգուտը ՀՀ–ին գրեթե զրոյական է կամ նույնիսկ վնասակար։
«Նախ սրանք արդյունք չստեղծող ընկերություններ են։ Բացի այդ առևտրի բաշխվածությունը, ըստ էության վերանում է և կենտրոնանում մի քանի անձանց ձեռքերում։ Հարկահավաքությունը դիվերսիֆիկացված չէ։ Գործատուն դիվերսիֆիկացված չէ։ Հայտնի չէ` նրանք որոշակի սոցիալական պատասխանատվություն կրում են, թե ոչ, արդյոք սոցիալական երաշխիքներ ունեն, թե ոչ։ Սրանք բավական վտանգավոր կառուցվածքային փոփոխություններ են, որոնց մասին ոչ ոք չի մտածում»,– ասաց Սարգսյանը։
Հիշեցնենք` Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած Հայաստանի 2023թ-ի խոշոր հարկատուների ցանկում առցանց առևտրով զբաղվող «Վայլդբերիզ» ընկերությունը 6-րդ տեղում է, ինչն աննախադեպ է Հայաստանի առևտրատնտեսական իրողությունների համար։
Ցուցակի առաջատարն ավանդաբար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։ «Գազպրոմ Արմենիան» այս անգամ ցուցակում 3-րդն է։ «Գրանտ Տոբակոն» 2-րդ հորիզնականում է։ 4-րդ և 5-րդ հորիզոնականներում տեխնիկայի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող «Մոբայլ սենթր արթ» և «Փրիթի Ուեյ» ընկերություններն են, ինչը ևս նոր երևույթ է հայաստանյան տնտեսության համար։
Վերջին իրողությունը Աուդիտորների պալատի նախագահը կապում է հիմնականում 2022-23թթ–ին ՀՀ–ում ավելացած պահանջարկի հետ` ինչպես ՌԴ–ից Հայաստան տեղափոխվածների, այնպես էլ դեպի ՌԴ վերաարտահանումների ֆոնին։ Բացի այդ որոշակի պահանջարկ է խթանվել նաև Արցախից բռնի տեղահանումների հետևանքով, երբ կա՛մ արցախցիները, կա՛մ ՀՀ քաղաքացիները սկսեցին տեխնիկա ձեռք բերել տեղահանվածների կենցաղը Հայաստանում ապահովելու համար։
Տեխնիկայի գնումներին լրացուցիչ թափ է հաղորդել նաև էժան, կամ անտոկոս ապառիկ վաճառքի քաղաքականությունը։