ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, բուք), Բերդ-Ճամբարակ (բուք է) և Տաշիր քաղաքից դեպի Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղ տանող ավտոճանապարհները:
«Դիլիջանի, Ստեփանավանի և Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը, Սյունիք գյուղից «Զանգեր» կոչվող հատվածը (միակողմանի) փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը՝ բեռնատարների համար»,–նշված է հաղորդագրության մեջ։
Գյումրի-Բավրա, Արթիկ-Ալագյազ, Գոգավան-Ստեփանավան և Բլագոդարնոյե-Կաթնառատ ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սյունիքի մարզի, Ափնա-Ծիլքար, Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:
Կոտայքի, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Տավուշի (բացառությամբ Բերդ քաղաքի) մարզերում, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, Ստեփանավան, Վանաձոր, Տաշիր, Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն:
Շիրակի մարզի «Ղոչի աղբյուր» կոչվող տարածքում, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում և Ծաղկահովիտ գյուղում բուք է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Հիշեցնենք` ձնահոսքի բարձր վտանգի պատճառով Լարս տանող ճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։