Բաքուն հետաձգել է Նիդեռլանդների արտգործնախարարի այցը. ինչից է դժգոհ Ադրբեջանը

Բաքվում կարծում են, որ Նիդեռլանդների արտգործնախարարի հայտարարությունները հարված են երկկողմ հարաբերություններին և Ադրբեջանի ու ԵՄ հարաբերություններին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Բաքուն որոշել է հետաձգել Նիդեռլանդների արտգործնախարար Հանկե Բրյուինս Սլոթի այցը Ադրբեջան: Տեղեկությունը նշված է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։
Բաքվում մեղադրել են Նիդեռլանդների արտգործնախարարին «Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձերի» մեջ։
«Ցավոք, Նիդեռլանդների արտգործնախարարը կրկին հանդես է եկել մեղադրական հայտարարությամբ՝ ի պատասխան խորհրդարանի ներկայացուցիչների հարցմանը՝ ակնհայտորեն խեղաթյուրելով ադրբեջանական կողմի հայտարարությունները: Նման անպատասխանատու կարծիքներ առաջին անգամ չէ, որ հնչում են եվրոպական երկրների պաշտոնյաների կողմից։ Այդ հայտարարությունները Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձեր են և տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրողությունների նկատմամբ կանխակալ մոտեցման օրինակ», - նշել է Հաջիզադեն։
Նրա խոսքով՝ «նման հայտարարությունները, ինչպես նաև Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին սպառնալից հայտարարությունները հարված են երկկողմ հարաբերություններին և Ադրբեջանի և ԵՄ հարաբերություններին»:
«Ադրբեջանական կողմը Նիդեռլանդական կողմին տեղեկացրել է, որ մտադիր է քննարկել ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կամ Ադրբեջանի ներքին հարցերը, այլ միայն երկկողմ հարաբերությունները: Կոչ ենք անում Նիդեռլանդական կողմին վերջ տալ նման հայտարարություններին», - ընդգծել է Հաջիզադեն։
Ադրբեջանական լրատվամիջոցները հիշեցնում են, որ Հանկե Բրյուինս Սլոթը Նիդեռլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում նշել է, որ Ադրբեջանի հայտարարությունները մտահոգիչ են՝ Բաքվին սպառնալով պատժամիջոցներով:
Ավելի վաղ Ադրբեջանը մեղադրել էր Ֆրանսիային պետության ներքին գործերին միջամտելու փորձի մեջ: