Ադրբեջանը փորձում է մշտական լարվածության մեջ պահել Հայաստանին․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հունվարի 25-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնեց, որ առաջիկա օրերին նախատեսվում է Արցախի տարածքում գտնվող ականապատ դաշտերի մասին 8 նոր տեղեկամատյաններ փոխանցվել Ադրբեջանին։ Ավելի վաղ դա չէր բացառել նաև ՀՀ ԱԳ նախարարը՝ հավելելով, որ դա կլինի կողմերի միջև վստահության ամրապնդման միջոց։
Sputnik
Ադրբեջանի արձագանքը հայկական կողմի մարդասիրական առաջարկին չուշացավ։ Այդ երկրի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ Հայաստանից ակնկալում է ոչ միայն ականապատված բոլոր տարածքների ճշգրիտ քարտեզները, այլև վերջին 30 տարում, իբր, անհետ կորած 4000 ադրբեջանցիների ճակատագրի ու նրանց հուղարկավորման վայրերի մասին տեղեկատվություն։
Բացի այդ Ադրբեջանը հայտարարեց, որ հայկական կողմի մտադրությունը մարդասիրական գործընթացին աջակցել չէ և այդ քայլը չի կարելի գնահատել որպես վստահության ամրապնդման միջոց։
«Ադրբեջանն այս կերպ փորձում է մշտական լարվածության մեջ պահել Հայաստանին»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով Հայաստանի մարդասիրական ու խաղաղասիրական քայլերի և Ադրբեջանի կոշտ արձագանքների վերջին դրսևումները, ասել է «Ոսկանապատ» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։