Թուրքիան կարող է օգտվել Հարվային Կովկասում ՌԴ անգործությունից. արևելագետը` ռիսկերի մասին

Կովկասում առաջացած վակուումը կարող է Թուրքիան զբաղեցնել, որին Արևմուտքն ամեն կերպ դրդում է հակառուսական գործոն դառնալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Հարավային Կովկասում Ռուսաստանի անգործությունը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ Մոսկվայի համար։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակում տեսակամրջի ընթացքում ասել է ռուսաստանցի արևելագետ Կարինե Գևորգյանը։
«Հաշվի առնելով արևմտյան ուղղությամբ ռուս քաղաքական գործիչների կենտրոնացվածությունն ու շեշտադրումը, իսկ դա ուկրաինական ռազմական գործողությունների թատերաբեմն է և դրա շուրջ եղած ամեն ինչ, ՌԴ–ի համար Կովկասում անգործության ռիսկը կարող է հանգեցնել վտանգավոր հետևանքների, Մոսկվայի կողմից տարածաշրջանում իր դիրքերի կորստի»,– հայտարարել է փորձագետը։
Նրա խոսքով՝ Թուրքիային այժմ արևմտյան գործընկերներն ամեն կերպ դրդում են Ռուսաստանի համար ծածկել «դարպասներից» մեկը՝ Բոսֆորի և Դարդանելի նեղուցները։ Արևմուտքի այդ ճնշումը, եթե ուժեղ լինի, իսկ Թուրքիան ստանա որոշակի և շատ լուրջ արտոնություններ, ապա նման սցենարը միանգամայն հնարավոր է։ Նա կարծում է, որ պետք է մեկ հանգույցում դիտարկել և Հարավային Կովկասի տարածաշրջանը, և Սև ծովի տարածքը և ելքը դեպի Միջերկրական ծով։