Թուրքիայի քայլը կմեծացնի անկայունությունը․ փորձագետը` Շվեդիայի հետ կապված որոշման մասին

Վերլուծաբանը կարծում է, որ այդ քայլը կօգնի Անկարային մեղմել Վաշինգտոնի հետ հարաբերությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՆԱՏՕ–ին Շվեդիայի անդամակցությանը հավանություն տալու Թուրքիայի որոշումը կարող է հանգեցնել տարածաշրջանային անկայունության մեծացմանը։ Sputnik Չինաստանին այս մասին ասել է Շենսիի մանկավարժական համալսարանի թուրքական հետազոտությունների կենտրոնի աշխատակից Լի Յուբոն։
Հունվարի 24–ին Թուրքիայի խորհրդարանը քվեարկել է ՆԱՏՕ–ին Շվեդիայի անդամակցության վավերացման օգտին: Հունվարի 25–ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես հաստատել է Թուրքիայի կողմից Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ–ին։
Փորձագետը նշել է, որ այդ քայլը կօգնի Անկարային մեղմել Վաշինգտոնի հետ հարաբերությունները։
Սպասում ենք Շվեդիայի անդամակցության շուտափույթ վավերացմանը. ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար
Նրա խոսքով՝ ԱՄՆ–ի ուշադրությունն այժմ այլ ուղղության վրա է, ինչը կօգնի Թուրքիային արտաքին քաղաքական գծում ավելի ազատ գործել, ինչպես նաև բարենպաստ պայմաններ կստեղծի նրա` հետագա ռազմավարական նախաձեռնությունների համար:
Ընդհանուր առմամբ` տարածաշրջանային և միջազգային իրավիճակն այժմ չափազանց բարդ է, և Թուրքիայի այս քայլը մեծապես բխում է այլընտրանքի բացակայությունից: Փորձագետի խոսքով` խնդիրն այն է` կատարված ընտրությունը համապատասխանում է թուրքական շահերին, թե ոչ,դեռ պետք է պարզել։
Նշենք, որ Շվեդիան` որպես Եվրամիության անդամ, Թուրքիայի նախագահի հետ բանակցություններում համաձայնել է իր անդամակցության վավերացման դիմաց նպաստել ԵՄ–ին Թուրքիայի անդամակցության գործընթացի ակտիվացմանը:
Ընդ որում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության և ԵՄ–ին Թուրքիայի անդամակցության հարցերը միմյանց հետ կապված չեն: