ՏՏ ընկերություններից 70-ը ներառվել են 2023 թ. ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում

2023թ. ՏՏ ոլորտի 20 ամենախոշոր հարկատուներից 5-ի դեպքում վճարած հարկերը նվազել են, ինչը պայմանավորված է եղել շահութահարկի և եկամտահարկի վճարումների նվազմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Հայաստանի 2023 թ. 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել է 70 ՏՏ ընկերությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
Այդ ցանկում հայտնված ՏՏ ընկերությունները պետբյուջեի համար ապահովել են 75 մլրդ դրամի եկամուտ՝ 23 մլրդ դրամով կամ 44%-ով ավելի, քան նախորդ տարի։
«Առաջատարների եռյակում են VeeamArmenia-ն, Synopsys-ը և EPAM-ը: 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված ՏՏ ընկերությունները 2023թ. ապահովել են ՊԵԿ-ի կողմից վերահսկվող եկամուտների 3,9%-ը։ 70 ՏՏ ընկերությունները միասին վճարել են 9,5 մլրդ դրամի շահութահարկ, որի 18%-ը կամ 1,7 մլրդ դրամը բաժին է ընկել Veeam Armenia ընկերությանը»,– ասված է հաղորդագրությունում։
2023թ. ՏՏ ոլորտի 20 ամենախոշոր հարկատուներից 5-ի դեպքում վճարած հարկերը նվազել են (Picsart, Energize Global Services, VMware, Quantori և DataArt), ընդ որում՝ Picsart-ի և Energize Global Services-ի դեպքում նվազումը հիմնականում պայմանավորված է եղել շահութահարկի և եկամտային հարկի, իսկ Quantori-ի դեպքում՝ եկամտային հարկի մասով վճարումների նվազմամբ։