ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ընդլայնումը քաղաքական ժեստ է, բայց երկրի անվտանգության տեսանկյունից այն որևէ ազդեցություն չի ունենա։ Նման կարծիք է հայտնել ռուսաստանցի արևելագետ Կարինե Գևորգյանը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակի միացմամբ հեռուստակամուրջի ժամանակ։
2023-ի դեկտեմբերին ԵՄ-ն հայտարարել էր Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին իրավիճակը դիտարկելու նպատակով առաքելության ընդլայնման մասին՝ մինչև 209 մարդ (նախկին 138-ի փոխարեն):
Փորձագետի կարծիքով՝ Հայաստանում առաքելությունը դեկորացիա է։
«Եվրոպական կառույցների հեղինակությունն ընկնում է ազատ անկման արագացմամբ։ Եվրոպացի պաշտոնյաները կգան Հայաստան, որը համարվում է անապահով գոտի, դրա համար կրկնակի աշխատավարձ կստանան։ Սա նրանց համար ասես սինեկուրա (բարձր վարձատրվող ու քիչ աշխատանք պահանջող պաշտոն-խմբ.) լինի։ Ինչ է սա Հայաստանի համար։ Ոչինչ: Դա ոչ մի արդյունք չի տա», - ասաց փորձագետը։
Նա հիշեցրել է, որ այս տարի ԵՄ-ում ընտրություններ են սպասվում, բացի այդ, Բրյուսելի որոշ պաշտոնյաների, նույն Ուրսուլա ֆոն դեր Լյայենի դեմ լուրջ քրեական գործեր են հարուցվել: Եվ ԵՄ հավաքական ինքնիշխանությունը վերջին տարիներին լավ ընկել է։
ԵՄ նոր երկարաժամկետ առաքելությունը Հայաստանում տեղակայվել է 2023 թվականի փետրվարի 20-ից և ի սկզբանե բաղկացած է եղել 100 հոգուց։
Խնդիր է դրված Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության ամրապնդումը, տեղերում վստահության մթնոլորտի ձևավորումը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող պայմանների ապահովումը: