ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին խաղաղության պայմանագրի հարցով Մոսկվա խորհրդակցությունների հրավերներ ուղարկվել են բազմիցս։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նշենք, որ հունվարի 23-ին Արարատ Միրզոյանը հայտարարել էր` խաղաղության պայմանագրի ռուսական որևէ առաջարկ իրեն հայտնի չէ։
«Արարատ Միրզոյանին խաղաղության պայմանագրի խնդրով Մոսկվա խորհրդակցությունների հրավերներ ուղարկվել են բազմիցս, սկսած անցյալ տարվա սեպտեմբերից։ Ի թիվս այլ բաների, այդ ամենը քննարկվել է տարբեր մակարդակներով երկկողմ շփումների ընթացքում»,– նշեց Զախարովան։
Նա ընդգծեց, որ վերջին հրավերը Երևան է փոխանցվել բառացիորեն մի քանի օր առաջ։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
2023–ի հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 2024–ի հունվարի 23–ին ասաց, որ Ադրբեջանին են ուղարկել Խաղաղության պայմանագրի 7–րդ խմբագրումն ու սպասում են պատասխանի։