Մենք Բաքվին ենք հասցրել մեր գնահատականները․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռասուլզադեի հոբելյանը նշելու մասին

Ադրբեջանի նախագահը հանձնարարել է նրա հոբելյանին նվիրված մի շարք տոնական միջոցառումներ անցկացնել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Մոսկվան Ադրբեջանին է հասցրել Մամեդ Ռասուլզադեի հոբելյանի տոնակատարության վերաբերյալ իր գնահատականը: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
2023 թվականի դեկտեմբերի վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն էր ստորագրել նացիստների հետ համագործակցած «ականավոր հասարակական-քաղաքական գործիչ, Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության հիմնադիրներից մեկի»՝ Մամեդ Էմին Ռասուլզադեի 140-ամյակը նշելու մասին։
«Մենք ադրբեջանական կողմին ենք հասցրել մեր գնահատականները։ Եվ նրանց հետ կապի մեջ ենք»,-ասել է Զախարովան։
Ավելի վաղ ԱՊՀ Ինստիտուտն ու Լազարյան ակումբը (ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի գլխավորությամբ) հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով Հիտլերի հետ համագործակցած Ռասուլզադեին Ադրբեջանում հերոսացնելու փորձը: