Կիևի ռեժիմը երկու անգամ զոհաբերեց այդ դժբախտներին. Պոլյանսկին՝ Իլ-76-ի կործանման մասին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին. Արխիվային լուսանկար
Ռուս դիվանագետն արևմտյան երկրներին ուկրաինական ղեկավարության հանցակիցներն է համարում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Ռուսաստանն ամեն ինչ կանի, որպեսզի Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռի կործանման պատասխանատուներն արժանի պատիժ ստանան։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«Մեր կողմից ամեն ինչ կանենք, որպեսզի Կիևի նեոնացիստական հանցախումբն այս և այլ հանցագործությունների համար արժանի պատիժ կրի»,-ասել է Պոլյանսկին:
Միևնույն ժամանակ, Մոսկվան կարծում է, որ ուկրաինական ղեկավարության հանցագործությունների համար պատասխանատվության իրենց բաժինն ունեն նաև նրա արևմտյան հովանավորները:
Դիվանագետը «ցնդաբանություն» է համարել ՄԱԿ-ում Ուկրաինայի ներկայացուցիչ Քրիստինա Գայովիշինի գնահատականները, որն ուկրաինացի գերիներին տեղափոխող ինքնաթիռը «օրինական ռազմական թիրախ» էր անվանել, ինչպես նաև փորձել էր ավիավթարի պատասխանատվությունը ռուսական կողմի վրա բարդել:
Պոլյանսկին ընդգծել է, որ ուկրաինացի գերիների ցուցակները, որոնց փոխանակման էին տանում, հրապարակված էին, դրանք սահմանված կարգով փոխանցվել են ուկրաինական կողմին, և դա հերքելն անիմաստ է:
«Կիևի ռեժիմը երկու անգամ զոհաբերեց այդ դժբախտներին (նկատի ունի գերիներին՝ խմբ.)․ սկզբում նրանց նետելով առաջնագիծ՝ որպես թնդանոթի միս, իսկ հետո, երբ ռուսական զորքերը խնայեցին նրանց կյանքը՝ դավաճանաբար ռմբակոծելով նրանց տեղափոխող ինքնաթիռը զենիթային կայանքներից»,-հայտարարել է նա:
Հունվարի 24-ին Ուկրաինայի զինված ուժերը ՌԴ Բելգորոդի մարզի երկնքում խոցել են Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռը, որը փոխանակման համար 65 ուկրաինացի գերի էր տեղափոխում: Ինքնաթիռում գտնվող բոլոր գերիները, ինչպես նաև անձնակազմի վեց անդամները և երեք ուղեկցողները զոհվել են, ընդհանուր առմամբ՝ 74 մարդ: ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Կիևը շատ լավ գիտեր գերիների փոխանակման համար նախապատրաստվող գործողության մասին, որը պետք է տեղի ունենար նույն օրը։