Իլ-76-ի խոցման միջոցները Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի ՀՕՊ համակարգերին են պատկանում. Պուտին

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Կիևը տեղյակ է եղել գերիների տեղափոխման մասին, փոխանակումը պետք է տեղի ունենար թռիչքի օրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Իլ-76-ի անկման վայրից առգրավված խոցման միջոցները ցույց են տալիս, որ դա Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի ՀՕՊ համակարգ է, դա հասկանալի կլինի մի քանի օրից, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Դա հենց ՀՕՊ հրթիռ է։ Սա նշանակում է, որ կամ նրանց վատ են սովորեցրել, կամ իրենք են վատ են սովորում, կամ ի վիճակի չեն ինչպես հարկն է կառավարել նման համակարգերը։ Ամենայն հավանականությամբ դրանք ամերիկյան Patriot համակարգեր են կամ եվրոպական ՀՕՊ համակարգեր, ամենայն հավանականությամբ՝ ֆրանսիական։ Մի քանի օրից ճշգրիտ պատասխան կլինի»,-ասել է Պուտինը ուրբաթ օրը հատուկ ռազմական գործողության մասնակից ուսանողների հետ հանդիպման ժամանակ։
Ուկրաինայի զինված ուժերը հունվարի 24-ին խոցել են ռուսական Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռը Բելգորոդի մարզի երկնքում․ ինքնաթիռով մերձմոսկովյան «Չկալովսկի» օդանավակայանից փոխանակման էին տանում 65 ուկրաինացի գերիների: Նրանք բոլորը, ինչպես նաև Ռուսաստանի ԶՈւ երեք ուղեկցող սպաներ և անձնակազմի վեց անդամներ զոհվել են։ Հաջորդ օրը առավոտյան հայտնաբերվել են երկու սև արկղերը՝ թռիչքի պարամետրերի գրանցման սարքը և խոսքի ինքնաձայնագրիչը։
ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ Իլ-76-ի կործանումը «մեծ հարց է բարձրացնում Կիևի հետ գոնե ինչ-որ պայմանավորվածությունների հնարավորության մասին»: Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հանձնարարել է ԱՄՆ Կոնգրեսին և Բունդեսթագին ուղղված դիմում պատրաստել. հենց Վաշինգտոնն ու Բեռլինն են Կիևին մատակարարում Patriot և IRIS- T զենիթահրթիռային համալիրները:
Կիևի ռեժիմը երկու անգամ զոհաբերեց այդ դժբախտներին. Պոլյանսկին՝ Իլ-76-ի կործանման մասին
Ուկրաինական լրատվամիջոցները սկզբում գրել էին, որ Իլ-7-ը խոցել են Ուկրաինայի զինված ուժերը, սակայն հետո կայքերից հեռացրեցին այդ տվյալները։ Ավելի ուշ Ուկրաինան անուղղակիորեն խոստովանեց, որ խոցել է այս ինքնաթիռը. Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչությունը դժգոհեց, որ Ռուսաստանը, իբր, չի տեղեկացրել Բելգորոդում այդ պահին «օդային տարածքի անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին»:
Պաշտոնապես Կիևը խոսում է միջազգային հետաքննության անհրաժեշտության մասին, ոչ պաշտոնապես տեղական ԶԼՄ-ներում սկսել են շրջանառել այն թեզը, թե Իլ-76-ը հրթիռներ էր տեղափոխում Ս-300 զենիթահրթիռային համակարգերի համար։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ միջազգային հետաքննությունը «միանշանակ անհրաժեշտ է», եթե այն կենտրոնանա Կիևի ռեժիմի հանցագործությունների վրա: