ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նախագահել է Մոսկվայում անցկացվող ԵՏՀ խորհրդի նիստը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Մոսկվայում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ: Նիստի օրակարգում ընդգրկված էին երեք տասնյակից ավելի հարցեր»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այդ հարցերը վերաբերել են ԵԱՏՄ տարածքում մաքսային քաղաքականությանը, տեխնիկական կանոնակարգմանը և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը:
Հիշեցնենք, որ 2023 թ. դեկտեմբերի 25–ին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքներով 2024 թ. փետրվարի 1–ից ԵՏՀ նախագահությունը Բելառուսի ներկայացուցիչ Միխայիլ Մյասնիկովիչից կփոխանցվի Ղազախստանի ներկայացուցիչ Բակիտժան Սագինտաևին։
Փոփոխություններ են եղել նաև հանձնաժողովի հայ անդամների առումով։ ԵՏՀ կոլեգիայում Հայաստանի ներկայացուցիչներից մեկին՝ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանին, կփոխարինի Գոհար Բարսեղյանը, որն արդեն մի քանի տարի է` գլխավորում է ինտեգրման զարգացման դեպարտամենտը: Վարոս Սիմոնյանը կշարունակի ԵՏՀ–ում մնալ ներքին շուկաների և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար։