Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են կնքել

Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը. Արխիվային լուսանկար
Հայաստանն ու Վրաստանը դե ֆակտո ռազմավարական գործընկերներ են, սակայն այսօր ստորագրել են համապատասխան համաձայնագիրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են կնքել։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Մենք պատմականորեն շատ ուժեղ դաշնակիցներ ու բարեկամներ ենք և ոչ միայն հարևաններ: Մենք դե ֆակտո ռազմավարական գործընկերներ էինք, սակայն այսօր ստորագրեցինք ռազմավարական գործընկերության համաձայնագիր»,–ասել է Վրաստանի վարչապետը։
Ղարիբաշվիլին նշել է, որ երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականի վերջին գերազանցել է 1 միլիարդ դոլարը։ Հայաստանը Վրաստանի վեցերորդ առևտրային գործընկերն է, ինչպես նաև երկրորդ արտահանող երկիրը։
Ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նշեց, որ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը ձեռքբերում է և վերջին մի քանի տարիների համատեղ ջանքերի և աշխատանքի արդյունք է ու արտացոլում է երկու երկրների ընդհանրություններն ու նպատակասլացությունը։