Երևանում ռուս դիվանագետները ծաղիկներ են խոնարհել շրջափակված Լենինգրադի զոհերի հուշարձանին

Դեսպանը Լենինգրադի լիակատար ազատագրման 80-ամյակի առթիվ պատվո նշան հանձնեց շրջափակումը վերապրած Երևանի բնակչուհուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Ռուս դիվանագետներն ու հասարակական գործիչները ուրբաթ օրը Երևանում հարգել են շրջափակված Լենինգրադի զոհերի հիշատակը:
Ներկա են եղել Ռուսաստանի և Բելառուսի դեսպանությունների, Երևանում Ռուսաստանի Գիտության և մշակույթի կենտրոնի, Հայաստանի մարշալ Բաղրամյանի անվան Վետերանների միավորման ներկայացուցիչներ և հյուրեր հասարակական կազմակերպություններից:
Դիմելով ներկաներին` Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն ասել է, որ Լենինգրադի շրջափակման վերացումը Հայրենական Մեծ պատերազմի բեկումնային պահերից մեկն էր, և ապագա սերունդների համար դա ոգու ուժի, ապրելու կամքի, տոկունության, արիության, հայրենիքի հանդեպ սիրո վառ օրինակ է։
Դիվանագետը նշել է, որ գլուխ է խոնարհում նրանց առջև, ովքեր իրենց կյանքը տվեցին ռազմաճակատում և պաշտպանեցին Լենինգրադը, ովքեր չհանձնվելով՝ զոհվեցին շրջափակված Լենինգրադում, ովքեր վերականգնեցին ավերված քաղաքը:
«Սա շատ կարևոր է, քանի որ հիմա հաղթանակին հասած մարդկանց սխրանքի մասին հիշողության պահպանումը փորձում են վիճարկել։ Դա կարևոր է ոչ միայն մեզ, այլև ամբողջ աշխարհի համար, որպեսզի մարդկանց վերապրած անցյալի սարսափելի դասերը չկրկնվեն»,- եզրափակել է դեսպանը։
Կոպիրկինը շրջափակումը վերապրած 86-ամյա Գալինա Դմիտրիևնա Ֆեդորովային պատվո նշան է հանձնել` ի պատիվ Լենինգրադի ամբողջական ազատագրման 80-ամյակի: