Մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով. Արթուր Խուդինյան

Հայաստանում վերջին օրերին տեղացած առատ ձյունն ու ցուրտը երթևեկության ու մասնավորապես` հանրային տրանսպորտի նոր խնդիրների երևակման առիթ դարձան։
Sputnik
Համացանցում տրածված տեսանյութում քաղաքացին արձանագրել էր, որ մայրաքաղաքի ավտոբուսներն ու տրոլեյբուսները սառցապատ փողոցներում երթևեկում են մաշված կամ ոչ ձմեռային անվադողերով, ինչի հետևանքով հայտնվում են վթարային իրավիճակներում։ Քաղաքացու դիտարկումը հաստատել էին նաև վարորդները` նշելով, որ քաղաքապետարանն իրենց ձմեռային անվադողեր չի տրամադրել։
Ավելի ուշ Երևանի քաղաքապետարանը հայտարարեց, որ ավտոբուսներին ու տրոլեյբուսներին տրամադրվում են ոչ թե սեզոնային, այլ «ունիվերսալ» անվադողեր` նախատեսված բոլոր եղանակների համար։
Սակայն փաստ է, որ հաջորդ օրը քաղաքային տրանսպորտի մի մասը եղանակային վատ պայմանների պատճառով երթուղի դուրս չբերվեց։ Պաշտոնապես հայտարարվեց, որ Երևանի տրանսպորտը աշխատելու է չվացուցակի խախտմամբ և ուշացումներով։
ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պնդում է` ձմռանը պետք է երթևեկել միայն ձմեռային անվադողերով, ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն անհատական ավտոմեքեաներին, այլև հանրային ուղևորափոխադրում իրականացնողներին։