«Սեպուհ 1»-ի ներդրողները փորձում են անցնել հոսքագծային արտադրության. Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը. Արխիվային լուսանկար
Նախարարը վաղ է համարում խոսել այն մասին, թե արդյոք հետագայում կարող են օրենսդիր և գործադիր մարմինների ծառայողական մեքենաները փոխարինվել «Սեպուհ 1»-ով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. «Սեպուհ 1»-ի ներդրողները փորձում ենլուծել առկա խնդիրները, այդ թվում՝ ֆինանսական, որ անցում կատարեն հոսքագծային արտադրության։
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նախարարի տեղեկություններով՝ Հայաստանում արդեն 8 «Սեպուհ 1» մեքենաներ են արտադրվել։
«Այդ մեքենաներից չեմ քշել, չգիտեմ՝ լավն են, թե ոչ»,- ասաց նախարարը՝ պատասխանելով լրագրողների հարցին մեքենայի որակի վերաբերյալ։
Քերոբյանը չցանկացավ պատասխանել այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ հետագայում կառավարության, Ազգային ժողովի ղեկավարների ծառայողական ավտոմեքենաները ևս «Սեպուհ 1» լինեն։
Հիշեցնենք` 2023թ–ի հուլիսի 15-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Ֆեյսբուքում» տեսանյութ էր հրապարակել և գրել, որ Հայաստանում արտադրվող ավտոմեքենաներն արդեն պետական հաշվառում են ստանում։
Նախարարի այս հայտարարությունը շփոթմունք էր առաջացրել, որի արդյունքում սեփականատերն առ այսօր ստիպված է պարզաբանել, որ մեքենաները ոչ թե արտադրվում, այլ միայն հավաքվում են Հայաստանում։
Արտադրողը կորեական SsangYong ընկերությունն է: Մեքենայի անունն էլ ոչ թե «Սեպուհ 1» է, ինչպես շատերը սխալմամբ կարծում են, այլ «Tivoli և Rexton»։ Հայաստանում հավաքվող թեթև մարդատար ամենագնացները կրում են նույն անունները, ինչ Կորեայում արտադրվող համանուն մակնիշները։
«Սեպուհ-1» ՍՊԸ-ը հարավկորեական SsangYong ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Ընկերությունը գրանցվել է 2018 թվականին։ Ընկերության միակ սեփականատերը Ջանես Ավետյանն է։
«Սեպուհ-1»-ը նախատեսում է նաև էլեկտրամոբիլներ հավաքել. Ջանես Ավետյան