ՔՊ-ական պատգամավորի որդին կազատվի պաշտոնից Դավիթ Տոնոյանին տուն թողնելու համար. ԶԼՄ

Արխիվային լուսանկար
Լրատվամիջոցի տեղեկություններով` պաշտոնյան թույլ է տվել պաշտպանության նախկին նախարարին կարճ ժամանակով տեսակցել տարեց մոր հետ, պայմանով, որ դրա մասին ոչ ոք չի իմանա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդին` Արման Մելքոնյանը, որ զբաղեցնում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի` ԱԱԾ մեկուսարանի պետի պաշտոնը, մոտ օրերս կազատվի աշխատանքից: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Նշվում է, որ ազատման պատճառների մասին լրատվամիջոցին շատ բան հայտնի չէ, միայն խոսակցություններ կան, որ նրա անձի շուրջ անվստահություն է ձևավորվել դեռևս անցած տարվանից։ 2023 թվականի նոյեմբերին էլ արդարադատության նախարարությունը Մելքոնյանի նկատմամբ կարգապահական տույժ` «խիստ նկատողություն» է կիրառել:
«Որոշ տեղեկություններով՝ այն կապված էր պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ, երբ ԱԱԾ մեկուսարանից Տոնոյանին օգոստոսի 1-ին Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին տանելու ճանապարհին Դավիթ Տոնոյանը խնդրել է ուղեկցողներին, որ թույլ տան կարճ տեսակցել մոր հետ, հետո շարունակել ճանապարհը: Ըստ լուրերի, ՔԿ ծառայողները կապ են հաստատել վերադասի հետ, որը թույլ է տվել, որ Տոնոյանը գնա տուն, տեսակցի տարեց մոր հետ՝ պայմանով, որ ոչ ոք չիմանա: Ասում են՝ «դաբրո» տվողը եղել է Մելքոնյանը»,–գրում է լրատվամիջոցը։
Նշվում է, որ դեպքի հաջորդ օրը թերթերից մեկում հրապարակվել է այդ տեղեկությունը, որն էլ «ճակատագրական է եղել Մելքոնյանի համար»։
Մելքոնյանը ԱԱԾ մեկուսարանի պետի պաշտոնը զբաղեցնում է 2023թ. մարտի 29-ից։ Մինչ այդ նա «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետն էր։