ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. «ՄՏՍ Հայաստանի» բաժնետոմսերի 20%-ը կփոխանցի Հայաստանի Հանրապետությանը` անհատույց։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Հունվարի 24-ին հայտնի դարձավ, որ ընկերությունը դադարում է ռուսական «ՄՏՍ» խմբի մաս կազմել: Ընկերության նոր բաժնետերը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» (FEDILCO GROUP LIMITED) ընկերությունն է, որի սեփականատերերը եվրոպական ու ասիական ներդրողներ են:
«Հայաստանի համար «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի ռազմավարական նշանակությունը հաշվի առնելով՝ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ը մտադրված է բաժնետոմսերի 20%-ը փոխանցել Հայաստանի Հանրապետությանը` անհատույց»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ 2023 թ. ապրիլին ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովն արգելել էր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ–ի բաժնետոմսերը: Գործարքի դեմ էր հանդես եկել նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը` նշելով, որ գործարքը վնասում է կամ կարող է վնասել ՀՀ պետական շահերը ու ազգային անվտանգությունը։
«ՄՏՍ Հայաստանի» վաճառքի մասին լուրերը շրջանառվում էին դեռևս 2022 թ–ից։ Կիպրոսի ընկերությունների պետական ռեգիստրի տվյալներով` Fedilco–ի սեփականատերեր են համարվում նաև Կիպրոսում գրանցված օֆշորային այլ ընկերություններ:
2023–ի նոյեմբերի 15–ի նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավոր հանձնաժողովը թույլատրեց, որ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ–ն վաճառվի կիպրոսյան «Ֆեդիլքո Գրուպ Լիմիրիդ» ընկերությանը։ Հանձնաժողովի հրապարակման մեջ նշվում էր` նկատի ունենալով, որ «ՄՏՍ–Հայաստանը» և վերջինիս ներկայիս բաժնետիրական շղթայում ընդգրկված կազմակերպությունները պատկանում են ռուսական «Մոբիլնիե Տելեսիստեմի» հանրային բաժնետիրական ընկերությանը, նշված գործարքի կնքման արդյունքում «ՄՏՍ–Հայաստանը» այլևս չի հանդիսանալու «ՄՏՍ խմբի» մասնակից։