Մի տղամարդ «Ֆեյսբուքում» գրել է, որ ինքն է հրկիզել NewsPress.am կայքի տնօրենի ավտոմեքենան

Մարտին Ամիրխանյանը . Արխիվային լուսանկար
Տղամարդը գրել է, որ իր անձնական պատճառն ունի նման արարքի համար և գնում է ոստիկանություն բացատրություն տալու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Ֆեյսբուքյան օգտատեր Մարտին Ամիրխանյանը հայտարարել է, որ ինքն է հրկիզել NewsPress.am կայքի տնօրեն Արիաննա Հովսեփյանի Range Rover Sport մակնիշի ավտոմեքենան։
«Ուզում եմ բոլորիդ ասեմ, որ Արիանայի մեքենային վնաս տվողը ես եմ։ Ես ունեմ իմ անձնական պատճառը, որի մասին հանրային խոսելը դեռ նպատակահարմար չեմ գտնում։ Մնացած բացատրությունները կտամ ոստիկանությունում, որովհետև ես չեմ սիրում փախեփախ անել, դա իմը չի ու ես ինքս գնում եմ ինքնակամ ներկայանալու»,-գրել է նա։
Հայտնել էինք, որ այսօր Երևանում` Ղազար Փարպեցու փողոցում, Զորավար եկեղեցու մոտ հրկիզել են NewsPress.am կայքի հիմնադիր տնօրեն Արիաննա Հովսեփյանի Range Rover Sport-ը։
Արիաննա Հովսեփյանը «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում վստահեցրել է` մեքենան միտումնավոր են հրկիզել ու ինքն էլ գիտի, թե հեղինակն ով է։ Հովսեփյանը տեսանյութում դիմում էր ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանին ու ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին և պահանջում, որպեսզի մեղավորը հնարավորինս արագ ձերբակալվի։
Կատարվածի վերաբերյալ ոստիկանությունում փաստաթղթեր են պատրաստվում։