ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Հայաստանի մի խումբ հասարակական կազմակերպություններ և քաղաքացիներ դեմ են Ամուլսարի ոսկու հանքի շահագործմանը։ Ինչպես նշված է իրենց համատեղ հայտարարության մեջ, կառավարությունը հաշվի չի առել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման լիարժեք փորձաքննության իրականացումը, հաշվի չեն առնվել 2019թ. ELARD և TRC միջազգային ընկերությունների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները և եզրակացությունը, որի համար պետական բյուջեից վճարվել էր 454 հազար ԱՄՆ դոլար:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ հաշվի չի առնվել ջրային ռեսուրսների՝ Սևանա լճի, Արփա և Որոտան ջրհավաք ավազանների, Սպանդարյան և Կեչուտ ջրամբարների, ստորգետնյա ջրերի վրա բացասական ազդեցությունը, թթվային դրենաժի հետևանքով մակերևութային և ստորերկրյա ջրերի երկարաժամկետ աղտոտումը: Անտեսվել են Ամուլսարի հանքում առկա ռադիոակտիվ տարրերի՝ ուրանի, թորիումի, ինչպես նաև ռադոնի հետ կապված ռիսկերը, հանքի շահագործման արդյունքում առաջացող՝ հսկայական ծավալներով թունավոր տարրեր պարունակող փոշով շրջակա միջավայրի աղտոտումը: Անտեսվել են աշխարհի մի շարք երկրներում արգելված ցիանային տեխնոլոգիայի կիրառման հետ կապված ռիսկերը:
«2016 թվականին բնապահպանության նախարարության և «Լիդիանի» միջև կնքված հուշագրով Լիդիանը խոստացավ 5 միլիոն ԱՄՆ դոլար ներդնել և 5 տարվա ընթացքում ստեղծել «Ջերմուկ» ազգային պարկը, ինչը մինչև օրս չի արվել»,–նշված է համատեղ հայտարարության մեջ։
Նշենք, որ Լիդիանը նախկինում ներկայացրել էր բնապահպանական ռիսկերի կառավարման իր հիմնավորումը։
2023 թվականի փետրվարին Հայաստանի կառավարության, «Լիդիան» միջազգային ընկերության և Եվրասիական զարգացման բանկի միջև Ամուլսարի ոսկու հանքավայրի գործարկման մասով հուշագիր է ստորագրվել (շահագործվում է Լիդիանի դուստր ձեռնարկություն «Լիդիան Արմենիայի» կողմից): Հուշագրի համաձայն՝ նախատեսվում է իրականացնել 250 մլն դոլարի ներդրումներ, որից 100 մլն դոլարը՝ ԵԱԶԲ-ից վարկի տեսքով։
Հավելենք, որ 2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5%-ը՝ որպես սեփականություն։