ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետը ևս 4 ամսով երկարացնելուց հետո Բաքուն մեկ կամ մի քանի անգամ նոր, նույնաբովանդակ որոշումներ կկայացնի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կանխատեսում արեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը` մեկնաբանելով Բաքվի դատարանի հունվարի 25-ի որոշումները։
Նշենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը լրանում է հունվարի 27-ին, քանի որ նա Արցախից տարածքից առևանգվել ու կալանավորել էր 2023 թվականին սեպտեմբերի 27-ին` 4 ամսով։ Իսկ Լևոն Մնացականյանինը և Դավիթ Բաբայանինը` սեպտեմբերի 29-ին։ Հոկտեմբերի 3–ին էլ Բաքուն առևանգեց և կալանավորեց Արցախի նախկին 3 նախագահներին։
Չնայած դրան, հունվարի 25-ին Ադրբեջանի դատարանի որոշմամբ 4 ամսով երկարացվեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի, Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի կալանքի ժամկետները։
Սիրանուշ Սահակյանը չի բացառում, որ առաջիկա ավելի քան 1 տարում կալանքի երկարացման նոր որոշումներ ևս կլինեն, քանի որ, նրա համոզմամբ, Ադրբեջանը լուրջ խնդիր ունի առաջադրված կեղծ մեղադրանքները շինծու ապացուցողական բազայով, որոշ դեպքերում նաև կեղծ վկայություններով ու վկաներով ապահովելու համար` հատկապես հաշվի առնելով Արցախի պաշտոնյաների նկատմամբ միջազգային հանրության ուշադրությունը։
Իրավաբանը հիշեցրեց, որ Ադրբեջանի օրենսդրությամբ կալանքի առավելագույն ժամկետը 1.5 տարի է, մեկանգամյա երկարաձգման առավելագույն ժամկետը` 4 ամիս։
Սիրանուշ Սահակյանի հետ Sputnik Արմենիան զրուցեց նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի վերջին հայտարարության մասին։
Մամուլի ասուլիսի ժամանակ Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստվում է առաջիկայում ականապատ տարածքների մասին նոր տեղեկություններ փոխանցել Ադրբեջանին, ուստի իրավաբանից հետաքրքրվեցինք` արդյո՞ք նախարարի այս հայտարարությունը կարող է ընկալվել որպես գերիների փոխանակման ազդակ։ Մեր զրուցակիցը չբացառեց նման հնարավորությունը, բայց և շեշտեց, որ ազդակն այս պարագայում ոչ թե Ադրբեջանին կամ միջազգային հանրությանն է ուղղված, այլ հայաստանյան հասարակությանը։
«Կարծում եմ` այս հայտարարությամբ ընդամենը մեզ նախապատրաստում են նման զգայուն, պետական ու ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների փոխանցմանը թշնամական երկրին։ Իհարկե, այս հարցն անխուսափելիորեն դառնալու է գործարքի առարկա, քանի որ, որպես կանոն, հայ ռազմագերիների վերադարձը կապված է եղել քաղաքական օրակարգում հայաստանյան զիջումներից։ Ուստի ես իրատեսական եմ համարում, որ այդ քարտեզների տրամադրման դիմաց Ադրբեջանում ապօրինաբար պահվող որոշակի թվով հայեր կհայրենադարձվեն»,– ասաց Սահակյանը։
Ականապատման քարտեզների դիմաց վերադարձողները, սակայն, նրա համոզմամբ, կլինեն ոչ թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները, այլ 2020 և 2023թ–ի ռազմական գործողությունների ընթացքում գերեվարված շարքային քաղաքացիները։
«Կարծում եմ` ԼՂ ղեկավարներին Ադրբեջանը դեռ պահելու է և ավելի թանկ գլխագին է պահանջելու»,– կարծիք հայտնեց մեր զրուցակիցը։
Նշենք, որ Հոդվածն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանն Ադրբեջանին 8 նոր տեղեկամատյաններ կփոխանցի ականապատ տարածքների մասին։ Դրանց կրկնօրինակները կփոխանցվեն միջազգային գործընկերներին:
ՀՀ ԱԱԾ–ն հայտնում է, որ 8 նոր տեղեկամատյանները հայտնաբերվել են ԼՂ նախկին զինծառայողների շրջանում հարցումային աշխատանքների շնորհիվ, որոնք վերսկսել են վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ականի պայթյունից քաղաքացիների մարմնական վնասվածքներ ստանալու մի քանի տեղեկատվություններից հետո։
Հիշեցնենք` քննչական կոմիտեի նախագահի հրապարակած վերջին պաշտոնական տվյալներով` Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է 23 պահվող անձանց մասին տեղեկությունները, որոնցից 17–ը գերեվարվել են 2023թ –ին։ Նրանց թվում են նաև Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները։ Բացի այդ, հայկական կողմը փաստական տվյալներ ունի 44–օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման մասին, սակայն Ադրբեջանը հերքում է այդ տեղեկությունները։
Մինչդեռ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի տվյալով` բռնի անհետացած անձինք իրականում ոչ թե 32-ն են, այլ 80-ը։