ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik․ Մարքեթոլոգ և գրող Արջուն Կրիշնա Լալը 2,5 տարի առաջ Հնդկաստանից տեղափոխվել է Հայաստան։ ԱՄՆ-ում սովորելուց, Եվրոպայում ճանապարհորդելուց հետո նա փոքրիկ երկիր էր փնտրում, որտեղ քիչ հնդիկներ կան՝ ժամանակավորապես հաստատվելու և հաջորդ նպատակի մասին մտածելու համար: Երևան առաջին այցի ընթացքում նա տանը գտնվելու զգացողություն ունեցավ և որոշեց մնալ։ Ի դեպ, ավելի ուշ պարզվեց, որ Հայաստանում շատ հնդիկներ ունեն «տան զգացողություն»։
«Երբ ինձ պատմեցին Հայաստանի մասին, ես գուգլեցի և տեսա Երևանի լուսանկարն Արարատի ֆոնին։ Այն ինձ կախարդեց»,- պատմում է Արջունը։
«Լուսանկարի քաղաք» նա պատրաստված է եկել։ Դեռ Հնդկաստանում ուսուցիչ է գտել՝ գավառցի Նարինեին, և զուգահեռաբար սկսել է առցանց հայերեն և ռուսերեն սովորել։ Հայաստան գալուց առաջ նա արդեն կենցաղային մակարդակում տիրապետում էր լեզվին։ Դա նրան շատ է օգնել. Արջունը կարողացել է հաջողությամբ բնակարան վարձել։ Որոշ ժամանակ անց անգամ սկսել է սոցցանցերում հայերեն գրառումներ հրապարակել ու նույնիսկ հայերեն գիրք գրել՝ «Կյանք, սեր և գինի»։
Արջուն Կրիշնա Լալն իր գրած գիրքը ձեռքին
© Sputnik / Andranik Ghazaryan
Արջունը պատմեց, որ իր նախկին ընկերուհին հայուհի է եղել և շատ առումներով փոխել է իր կյանքը: Հայաստանը նույնպես շատ բան է փոխել նրա մեջ՝ ներքին ապրումներից մինչև գաստրոնոմիական նախասիրություններ։ Մինչև մեր երկիր գալը նա բուսակեր էր, սակայն իր ընկեր Տիգրանի մոտ ընթրիքից հետո սկսել է միս սիրել։ Տիգրանի տատիկը հատուկ Արջունի համար Գավառի քյուֆթա էր պատրաստել։
«Ես ամաչեցի հրաժարվել, քանի որ հյուր էի։ Փորձեցի և հիմա առանց մսի չեմ կարողանում։ Խորոված եմ սիրում, ոսպով ապուր և մատնաքաշ, իսկ այ խաշը չեմ հավանել»,-ասում է հնդիկ գրողը։
Հենց Հայաստանում է նա կյանքում առաջին անգամ հայտնվել ոստիկանական բաժանմունքում։ Անցած տարի որոշել էր Երևանում մեքենայով շրջել իրեն հյուր եկած հոր հետ։ Երբ նրանց կանգնեցրին ոստիկանները, մեքենայում տեխնիկական անձնագիր չկար, իսկ մեքենայի բեռնախցիկում վաղուց մնացած սեղանի դանակ գտան։ Այստեղ էլ լեզվի իմացությունն օգնեց․ տեղամասում նա ամեն ինչ բացատրեց, և նրանց բաց թողեցին։
«Հիմա ծիծաղով ենք հիշում այդ միջադեպը»,-ասում է Արջունը։
Նա համոզված է, որ հայերն ու հնդիկները շատ նման են, քանի որ կենտրոնացած են ընտանեկան արժեքների և ավանդույթների վրա: Լեզուներում նա նույնպես շատ նմանություններ է գտել, օրինակ՝ պանիր, թավա, զորավար, մարդ, ազատ բառերը հինդիով գրեթե նույն կերպ են արտասանվում և նույն բանն են նշանակում: Նա նաև հայերեն ժարգոնային բառեր է սովորել, օրինակ՝ «կայֆավատը», և նույնիսկ հայկական «ռաբիս» է լսում, նախընտրում է Տիգրան Ասատրյանին։ Արջունը նաև նշեց, որ Հայաստանում, ինչպես և Հնդկաստանում նշում են ջրի տոնը՝ Վարդավառը, որը նա այնքան էլ չի սիրում։
«Հնդկաստանում տարվա մեջ միայն մեկ օր տանից դուրս չէի գալիս, Հայաստանում՝ երկու, հնդկական և հայկական տոների առիթով»,-կատակում է նա։
Արջունը Կերալա նահանգից է, որն ավելի զարգացած է. այն գտնվում է Հնդկաստանի հարավում: Եվ աշխատավարձերն այնտեղ նույնիսկ ավելի բարձր են, քան Հայաստանում։ Բայց փաստն այն է, որ Հնդկաստանում յուրաքանչյուր նահանգը կարծես ուրիշ երկիր լինի, նրանց զարգացումը շատ անհավասար է: Հյուսիսում աղքատ նահանգներ կան, որտեղ աշխատանք գտնելը մեծ խնդիր է։ Հենց այդտեղից էլ մարդիկ գալիս են Հայաստան՝ փող վաստակելու և հայրենիքում իրենց ընտանիքները պահելու համար։
«Նրանք, օրինակ, շինարարության վրա աշխատում են ամսական 150-200 հազար դրամով, դա նրանց համար մեծ գումար է։ Կեսը տուն են ուղարկում, մնացածով ապրում են այստեղ», - հավելեց նա։
Արջունը շարունակում է ուսումնասիրել Հայաստանն ու նրա մշակույթը, նոր հետաքրքիր բաներ գտնել: Նա նաև նոր երազանք ունի՝ լինել Հնդկաստանում Հայաստանի առաջին հնդիկ դեսպանը։