Հարվածել է պարեկներին, փախուստի դիմել․ ձերբակալվել է «Ճվճըվ Արոյի» 33-ամյա որդին

ՀՀ ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Անձնական խուզարկությամբ երիտասարդի մոտ հայտնաբերվել են ներարկիչ և թմրանյութի նմանվող փոշենման զանգված։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հետապնդել և բերման է ենթարկել «Ճվճըվ Արոյի» 33-ամյա որդուն՝ Սարգիս Վարդանյանին (Սաքուլիկ մականունով)։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։
33-ամյա երիտասարդը ժամեր շարունակ մայրաքաղաքում Mercedes մակնիշի մեքենան վարել է անկանոն, բարձր արագությամբ՝ խախտելով երթևեկության կանոնները, ընդհուպ՝ անցնելով կարմիր լույսի տակով։
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 1 ներարկիչ և թմրանյութի նմանվող փոշենման զանգված։
Ոստիկանություն ստացված ահազանգից հետո կարճ ժամանակ անց՝ ժամը 02:00-ի սահմաններում մեքենան նկատվել է Ազատության պողոտայի ու Թբիլիսյան խճուղու հատվող հատվածում։ Այն կանգ չի առել անգամ պարեկների հրահանգներից հետո, սլացել է Կոտայքի մարզի ուղղությամբ, ճանապարհին բախվել է Opel մակնիշի ավտոմեքենային, ապա նաև պարեկների ծառայողական ավտոմեքենային։ Շարունակելով փախուստը՝ Վերին Պտղնի գյուղի թունելային հատվածում կանգ է առել, վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից ու փորձել ոտքով փախուստի դիմել։
Պարեկները հետապնդել են նրան։ Բերման ենթարկվելիս ոտքերով հարվածել է պարեկներին՝ փորձելով կրկին փախուստի դիմել, սակայն դա նրան չի հաջողվել։
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Սարգիս Վարդանյանը ձերբակալվել է։